Երբ տիրապետողը գժանոցի կարգն է

Որքան Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի զավթած տարածքները փոքրանում են, այնքան ջիհադի սիրահարներն ավելի շատ են այնտեղից  ճողոպրում:  Ֆրանսիական «Le Journal du Dimanche» թերթին տված հարցազրույցում այդ երկրի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ ռազմական գործողությունների գոտիներից Ֆրանսիա է վերադարձել 271 ջիհադիստ, և նրանց բոլորի նկատմամբ հետաքննություն է անցկացվում:

Տվյալներ կան, որ Իրաքում և Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման շարքերում կռվել է Ֆրանսիայի մոտ 700 քաղաքացի: Ֆրանսիա վերադարձած ջիհադիստներից 217-ը մեծահասակ է, իսկ 54-ն՝ անչափահաս: Նրանց մի մասն այժմ կալանքի տակ է:

Նախարարը նշել է, որ շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, և զինյալները կարող են հարձակումներ իրականացնել: Նա նաև հիշեցրել է, թե տարվա ընթացքում քանի նախօրոք պատրաստված ահաբեկչական հարձակում են կանխել:

Կարելի է ասել` իսլամիստները սկսել են արդարացնել նախարարի կասկածները: Հենց երեկ` օգոստոսի 6-ին, դանակով զինված տղամարդը ցանկացել է ներխուժել Էյֆելյան  աշտարակ: Երբ նրան ձերբակալել են, խոստովանել է, որ իսլամիստների հատ կապ ունի և մտադիր է եղել ահաբեկչական հարձակում իրականացնել` սպանելով զինվորականի: Նրա գործը փոխադրվել է Փարիզի դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բաժին: Դրանից առաջ պարզվել էր, որ զինված ֆրանսիացին նաև հոգեկան խնդիրներ ունի և բուժումը նոր էր ավարտել:

Այն մոլուցքը, որով իսլամիստները բռնություններ են գործադրում, սպանում ու ավերում, մի՞թե չի խոսում այն մասին, որ նրանք բոլորը հոգեկան անհավասարակշիռ վիճակում են: Իհարկե, մասնագետների որոշելիքն է, թե ախտանշանները որքանով են համապատասխանում հիվանդության չափանիշներին, սակայն նրանց մտասևեռումն արդեն իսկ ակնհայտ նշան է:

Խորհրդային Միությունում ասում էին` կրոնը հաշիշ է: (Սա չի նշանակում, իհարկե, թե այնտեղ ուրիշ տեսակի քարոզչական թմրամիջոցներ չէին կիրառում): Մենք հիմա կրոնական քարոզչության` ուղեղ ջնջող այդ ազդեցությունն ուղղակիորեն տեսնում ենք: Միջազգային կառույցները լավ կանեն` բոլոր ջիհադիստներին կատաղության հոգեվիճակում գտնվող հոգեկան հիվանդներ հռչակեն և զսպաշապիկների «գործ» սկսեն: Նրանք աշխարհը վեր են ածել գժանոցի, գուցե ժամանակն է, որ հոգեբուժարաննե՞րը նրանցով զբաղվեն: