«Դավադրությունների տեսությո՞ւն»

ԹԵՐԵՎՍ` ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳ

Զենքի առքուվաճառքը մեր աշխարհի թերևս ամենաեկամտաբեր, բայց և ամենից անտրամաբանական գործարքն է: Այս օրերին ԱՄՆ-ի բանակում արգելվել է օգտագործել Չինական DJI ընկերության արտադրած անօդաչու թռչող սարքերը, քանի որ դրանց ավտոմատ կառավարման համակարգում թերություններ են հայտնաբերել:

Զինծառայողներից պահանջել են անօդաչուների օգտագործումը լիովին դադարեցնել, բոլոր կարգավորումները հեռացնել, մարտկոցներն ու տվյալներ կուտակելու միջոցները հանել և սարքավորումը հանձնել անվտանգ վայր՝ մինչև հետագա հրահանգները (տեղեկատվությունը տարածել է «Ռոյթերս» գործակալությունը):

Սա, թերևս, կարող է նշանակել, որ Չինաստանը ԱՄՆ-ին զինատեսակ է վաճառում և դրանով ֆինանսական շահ ստանում: Սակայն չի մոռանում, որ իր աշխարհաքաղաքական մեծամեծ ձգտումները Միացյալ Նահանգներին բոլորովին ձեռնտու չեն, ու նա մի օր կարող է իր իսկ արտադրած զենքն իր վրա ուղղել: Ահա և օգտվելով թվային դարաշրջանի առավելություններից` դրանք իր համար նախապես անվտանգ է դարձրել:

Ճիշտ է` չինական DJI ընկերությունը հայտարարել է, թե «զարմացած և հիասթափված է» ԱՄՆ-ի այդ որոշմամբ, իսկ սահմանափակումներն էլ անվանել է չարդարացված: Ընկերության ներկայացուցիչները նաև նշել են, թե իրենց հետ չեն խորհրդակցել, ուստի պատրաստակամություն են հայտնել աշխատել Պենտագոնին անհանգստացնող խնդիրների լուծման ուղղությամբ:

Անկասկած` հնարավոր է, որ տվյալ դեպքում ԱՄՆ-ը ուղղակի «դավադրությունների տեսության» ճահճում է հայտնվել, և զենք արտադրող չինական ընկերությունը բնավ էլ հայրենիքի անվտանգությունն իր ֆինանսական շահից վեր չի դասել: Բայց այս միջադեպը, այնուամենայնիվ, պետք է որ որոշ ռազմատենչ ուժերի խորհելու տեղիք տա. արժե՞, արդյոք, սեփական երկրները լցնել մահաբեր զենքերի գործարաններով ու զինանոցներով, եթե դրանք կարող են հենց քեզ խոցել: