Ամենախոցելին երեխաներն են

ԻՍԿ ՆՐԱՆՔ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՎԱՂՎԱ ՕՐՆ ԵՆ

Խեղված հիշողությամբ, աղճատված արժեհամակարգով ու լիարժեք ընտանիքը կորցրած այս և նման երեխաները վաղը ի՞նչ են բերելու մարդկության գլխին: Եթե, իհարկե՝ նրանց հայրերը հնարավորություն տան, որ մարդկությունը վաղվա օր ունենա: 
 
«ԻԼԻՊ»-ի հրոսակներից իրաքյան Մոսուլն ազատագրելուց հետո, այնտեղ գտել են ռուսաստանցի 48 երեխայի, որոնց իրենց հետ իսլամիստների որջն են տարել նրանց հայրերը: (ռուսաստանյան ԶԼՄ-ներն են տաղեկատվությունը տարածել): Ըստ երևույթին մտածել են, թե հարկավոր է փոքրուց նրանց մոլեռանդ իսլամիստ դարձնել և սովորեցնել դաժան մարդասպաններ դառնալու «արհեստը»:
Ռուսաստանն արդեն քայլեր է ձեռնարկել այդ երեխաներին ՌԴ տեղափոխելու և նրանց համար նոր ընտանիքներ գտնելու, ազգականներին հանձնելու ուղղությամբ: Կառավարությունը Աննա Կուզնեցովային լիազորել է ղեկավարել մի կառույց, որը երկրից ապօրինաբար դուրս բերված անչափահասներին իրավաբանական, բժշկական, հոգեբանական և այլ կարգի օգնություն կցուցաբերի: 
 
Հաղորդվում է, որ այս պահին այդ 48 երեխաներին տեղավորել են մանկատներում: ՌԴ ԱԳՆ-ն Իրաքի և Հորդանանի քաղաքական գործիչների հետ զբաղված է այդ երեխաներին երկու փուլով  տուն վերադարձնելու խնդրով. նախ՝ Մոսուլից Հորդանան, այնուհետև Ռուսաստան՝ հարազատների մոտ: Դրանից առաջ էլ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն «Ինսթագրամի» իր էջում նշել էր, որ հոր կողմից Իրաքի և Սիրիայի պատերազմական գոտիներ տարված Բիլալ Թահիրովը ժամեր անց մորը կվերադարձվի:   
 
Ինչքա՞ն պետք է իսլամիստների քարոզչությունը մարդուն կուրացրած լինի, որ նա իր անչափահաս որդուն պատերազմական գոտի տեղափոխի (ըստ էության փախցնելով), որտեղ բռնությունները, մահն ու ավերածությունները կյանքի օրենք են դարձել: 
 
Այս տեղեկությունը միայն Ռուսաստանի իսլամադավան բնակչությանն է վերաբերում, սակայն միանգամայն պարզ է դառնում, որ աշխարհի շատ երկրների երեխաներ այս դաժան խաղի ամենախոցելի խաղաքարերն են: Իսկ նրանց թիվը երևի միլիոնների է հասնում՝ նկատի ունենալով իսլամիստների բազմազավակությունը: