Ի՞նչ է վկայում վիճակագրությունը

ԹՎԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՆ ՈՒ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ

Մարդկությունը երբևէ կմոռանա՞, թե հիտլերյան Գերմանիայում որքան էր կարևորվում զտարյուն արիացի լինելը ու ինչպես էին վերաբերվում յուրաքանչյուրին, ում երակներում գերմանական արյուն չէր հոսում: Մի ամբողջ ցուցակ էին կազմել, որտեղ նշել էին գերմանացիներից հետո եկող մյուս ազգերին, որոնք արժանի են արիացի համարվելու, և մարդկանց վկայականներ էին տրամադրում: 
 
 
Ծայրահեղութուն էր, իհարկե, սակայն ընդամենը 7-8 տասնամյակ անց վիճակագրությունը ծիծաղում է գերմարդու գաղափարներով տարված նացիստների գործելակերպի վրա. այսօր Գերմանիայում օտար ծագումով միլիոնավոր մարդիկ են ապրում և նրանց թիվն օրեցօր մեծանում է: Ընդ որում՝ նացիստների տեսանկյունից նրանք բոլորն էլ մերժելի ազգերի ներկայացուցիչներ են: 
 
Դաշնային վիճակագրական գերատեսչությունը երեկ՝ օգոստոսի 1-ին հայտնել է, որ 2016թ. երկրում ներգաղթյալի կենսագրությամբ 18,6 մլն մարդ է եղել, և նրանց 52%-ը Գերմանիայի քաղաքացիություն ունի (փոխանցել է DW-ն)։ 2011-ից այս կողմ 2,3 մլն-ով կամ 51%-ով մեծացել է Մերձավոր և Միջին Արևելքից ներգաղթած անձանց թիվը: Այս թվի կրկնապատկվելը բացատրվում է 2015-2016թթ. ներհոսքով: 
 
Գերմանիայի բնակչության կազմի այս փոփոխությունը, ուղղակի կամ անուղղակի, արտացոլվել է Գերմանիայի բնակչության վախերի վերաբերյալ սոցիոլոգիական հարցումներում: Հասարակական կարծիքի ուսումնասիրման «Kantar Emnid» ինստիտուտի տվյալներով (ներկայացված 7 տարբերակից հարցվողները հնրավորություն են ունեցել ընտրելու մի քանիսը)՝ գերմանացիների 71%-ը առանձնապես մեծ սպառնալիք է համարում համընդհանուր տաքացումը, 65%-ը նոր պատերազմերից է վախենում, 62%-ը՝ հանցավորության աճից, 59%-ը՝ ծերության տարիքոմ աղքատ լինելուց, 45%-ը՝ փախստականների ներհոսքից և 33%-ը՝ գործազրկությունից: 
 
Այս օրերին մեկ այլ վիճակագրություն էլ Եվրոստատն է հրապարակել: Այն հավաստում է, որ 2016թ. Եվրոպայում ծնունդներն ու մահերը հավասար են եղել, այսինքն բնակչության բնական աճը զրոյական է: Իսկ նույն տարում ավելացած 1,5 մլն քաղաքացին Եվրամիության երկրներ է ժամանել դրսից: 82,8 մլն բնակչություն ունեցող Գերմանիայում ավելացած 625 հազ. Բնակիչները՝ նույնպես: Այս թվերը մեկ անգամ ևս հաստատում են ու ահազանգում, որ Եվրոպան, իրոք, ծերանում է:
 
Եթե այս ընթացքը շարունակվի, կարճ ժամանակ անց ծերուկ Եվրոպային, իր իսկ նույն տարածքում, կփոխարինի երիտասարդ ու մեծ թափով աճող արաբաթուրքական աշխարհը: Եթե, իհարկե, շարունակվի…