«ԻՊ» կադրերի դարբնոցը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ոչ միայն մահ ու ավերածություններ է սփռում իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում կամ այն քաղաքներում, որտեղ կարողանում է «ձեռքը հասցնել», այլև գործուն քարոզչություն է իրականացնում՝ փորձելով իր ահաբեկչական գաղափարներով ազդել խակ ուղեղների վրա: Կիրակի նրանք Ռաքքայում նկարահանումներ են իրականացրել և 30-րոպեանոց տեսանյութ պատրաստել:
 
Այդ տեսանյութը մանրակրկիտ կերպով ուսումնասիրել է դիտարկում իրականացնող «Middle East Media Research Institute» ծառայությունը և որոշ բացահայտումներ արել:
 
Այս արհեստավարժ տեսանյութը Ռաքքայի բնակիչներին կոչ է անում չհամագործակցել ո՛չ Քրդստանի բանվորական կուսակցության զինյալների, ո՛չ էլ Սիրիական ժողովրդավարական ուժերի հետ: Հատուկ ուշադրություն է հրավիրվել ԻՊ շարքերում գործող օտարերկրացի ահաբեկիչների վրա: Մեզ համար ուշագրավը այդ տեսանյութում ներկայացված երկու ադրբեջանցի ահաբեկիչներն են՝ Ջունդուլախ ալ-Ազերին և Աբդու ալ-Ազիզ ալ-Ազերին: 
 
Նրանք նույնպես կոչ են անում միանալ խմբավորմանը և «պայքարել անհավատների դեմ»: Նրանցից մեկը կոչ է անում Ադրբեջանում իշխանությունների դեմ պայքար սկսել և այդ կերպ միանալ իրենց: Վաղուց է հայտնի, որ ԻՊ շարքերն անցած բազմաթիվ ադրբեջանցիներից ոմանք, ասում են, իրենց բանակն են դասալքել և ահաբեկիչ «ձեռնադրվել»: 
 
Այն, ինչ կատարվում է հայ-ադրբեջանական սահմաններին, Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայատյացություն քարոզելն ու դրան համապատասխան գործելը «ԻՊ» գործունեությունից շա՞տ է տարբերվում: 
 
«ԻՊ» դեմ, գոնե առերես, անզիջում կռիվ են հայտարարել մեր մոլորակի տարբեր բևեռները՝ ԱՄՆ-ից մինչև ՌԴ: Նույն հակադիր բևեռները մեկ այլ  հարցում էլ են համակարծիք՝ երկուսն էլ Ադրբեջանին միջազգային բոլոր իրավունքներին արժանի պետություն են ճանաչում ու իրենց անատամ կոչերում Հայաստանի հետ նույն հարթության վրա դնում: 
 
Հայտնի իրողություն է՝ միջավայրն է անհատներ ձևավորում: Ադրբեջանում ահաբեկիչ ձևավորող միջավայրն այնքան պարարտ է, որ կարող է ԻՊ-ի նման մի քանի ահաբեկչական կազմակերպությունների պատրաստի կադրեր մատակարարել: Պարզապես դա նկատելու ցանկությունն է աննշան: