Մոլորակի «տարեկան բյուջեն» 7 ամսում սպառվել է

Որպեսզի մեր մոլորակը կարողանա այսուհետև ևս մարդկությանը ծառայել, մարդիկ պետք է տարվա ընթացում այնքան բնական պաշարներ ծախսեն, որքանը հասցնում է վերականգնվել այդ նույն ժամանակամիջոցում: Ցավոք` առկա պատկերը մխիթարական ոչինչ չի ասում:

«Էյ-Բի-Սի»-ն հրապարակել է իսպանական «Սերվիմեդիա» գործակալության` «Մարդկությունն իր «բնապահպանական բյուջեն» կսպառի օգոստոսի 2-ին» վերնագրով հոդվածը, որի հեղինակներն ահազանգում են.
 

- Եկող չորեքշաբթի մարդկությունը մինչև վերջ կսպառի Երկրի մոլորակի «բնապահպանական տարեկան բյուջեն:

Նրանք պարզաբանում են, որ «բնապահպանական բյուջե» ասելով հասկացվում է բնական այն պաշարները, որոնք մեկ տարվա ընթացքում կարող են ինքնուրույն վերականգնվել` մաքուր ջուրն ու օդը, անաղարտ միջավայր: Նրանք մեջբերել են «Global Footprint Network» միջազգային կազմակերպության տվյալները, որտեղ նշվում է, թե այս տարի «բյուջեն» կսպառվի մեկ օր ավելի վաղ, քան 2016թ.:

- Դա նշանակում է, որ 7 ամսում մենք մթնոլորտ ենք արտանետել ավելի շատ ածխաթթու գազ, քան օվկիանոսներն ու անտառները կարող են կլանել մեկ տարում, որսացել ենք ավելի շատ ձուկ, հատել ենք ավելի շատ ծառեր, ավելի շատ բերք ենք հավաքել և ավելի շատ ջուր ենք ծախսել, քան Երկիրը կարող է ստեղծել կամ մաքրել նույն ժամանակահատվածում,-նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Եզրակացությունը հետևյալն է. մեկ տարում մարդկությունն օգտագործում է Երկրին համարժեք 1,7 մոլորակի բնական պաշարները: Սա, բնականաբար, միջին թիվ է: Առավել ուշագրավ են առանձին երկրների տվյալները: Այսպես, Ավստրալիան տարեկան 5,2 «Երկիր մոլորակ» է օգտագործում, ԱՄՆ-ը` 5, Հյուսիսային Կորեան ու Ռուսաստանը` յուրաքանչյուրը 3,4: Այս ցանկում «ամենահամեստ» պահանջները Իսպանիան ունի` ընդամենը 2,4 մոլորակ:
Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:

Մեր ունեցածն ընդամենը մեկ մոլորակ է, իսկ սեփական «տնամերձից» այն կողմ չտեսնող պետություններն անխնա խժռում են այն: