Ինքնահաստատում` կանաց, երեխաների, հիվանդների հաշվին

Պատերազմը Սիրիայում շարունակվում է: Աշխարհի հզորներն իրար ինչ-որ բաներ են փորձում ապացուցել, ու դա անում են անզեն, անպաշտպան կանաց, երեխաների, հիվանդ մարդկանց կյանքերի ու անդորրի հաշվին:

Սիրիական պետական լրատվամիջոցները երեկ լուր են տարածել, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի զինուժի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Դեյր-էլ- Զոր նահանգի Աբուքեմալ բնակավայրին, որից վեց մարդ զոհվել է, 10-ը` վիրավորվել: Թիրախ են դարձել հիվանդանոցն ու մարզակումբը:

Նախորդ օրը Ալ Մայդին քաղաքի գրոհի ժամանակ էլ զոհվել էր 10 մարդ, որից 5-ը` երեխաներ: Մինչ այդ էլ կոալիցիան խոստովանել էր, որ Սիրիայի և Իրաքի տարածքում իր իրականացրած հատուկ գործողությունների հետևանքով 600-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել:

Լուրը տարածող լրատվամիջոցները նշել են, որ կոալիցիան իր գործողությունները Սիրիայի կառավարության հետ չի համաձայնեցնում: Ահաև արդյունքը` խաղաղ, անզեն քաղաքացիներին «շփոթել են» մինչև ատամները զինված, սպանություններն ու ավերելը փեշակ դարձրած ահաբեկիչների հետ: 

Ո՞ւմ հայտնի չէ, որ Ամերիկան ու նրա հետ կոալիցիա կազմած պետությունները մի անսասան պահանջ ունեն` նախագահ Ասադը պետք է հեռանա (թեև վերջերս կարծես այս մոտեցումը մի փոքր մեղմացրել են): Ասադի կառավարության հետ որևէ բան համաձայնեցնելը, երևի, իրենց «սկզբունքի» խախտում են համարում: Շատ հնարավոր է` դեռ ցինիկորեն հայտարարեն, թե եղած զոհերի մեղքը Ասադի ու Սիրիայի կառավարական զորքերի վրա է ընկնում:

Մեկ այլ արդարացում էլ ունեն` պատերազմ է, ինչ ասես կարող է լինել: Կարևորն այն է, որ զոհերի, վիրավորների, մարդկանց տառապանքների համար իրենց չմեղադրեն:  Ամենացավալին այն է, որ այս ամենի վերջը չի երևում, ընդհակառակը` ընդյալնվելու միտում ունի: Չլինի Մերձավոր Արևելքում, կլինի մոլորակի ցանկացած այլ տարածաշրջանում: