Հեղափոխությունների ասպետը

Վրացական «վարդերի հեղափոխության» ասպետն այս օրերին նորից աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Իր հայրենիքում դատական հետապնդումից խուսափած և հետհեղափոխական Ուկրաինայում բարձր պաշտոն ստացած Միխայիլ Սաակաշվիլին Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով զրկվել է իր միակ՝ Ուկրաինայի քաղաքացիությունից և այլ անձնագիր էլ չունի: Որպես պատճառ նշվում է հարցաթերթիկ լրացնելիս կեղծ տվյալներ տրամադրելը. նա չի նշել, որ Վրաստանում հեռակա կարգով կալանավորված է:   
 
Դուրս է գալիս՝ Ուկրաինայի գերագույն իշխանությունը նոր է հասկացել, որ Վրաստանի նախկին նախագահն իր երկրում հանցագործ է համարվում: Թե՞ կարելի է մտածել, որ Պորոշենկոյի վարչակազմը Սաակաշվիլուն օգտագործեց, և երբ այլևս իրեն հարկավոր չէ՝ դեն է նետում:  Իսկ այ, Վրաստանը կարծես թե անտարբեր չէ իր նախկին նախագահի ճակատագրի հանդեպ: Այդ երկրի նախագահ Մարգելաշվիլին, օրինակ, հայտարարել է, թե Սաակաշվիլին չպետք է Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվեր:   
 
- Ես շատ ափսոսում էի, որ Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվեց։ Երկրի նախկին առաջին դեմքը, որը երկու անգամ նախագահ է ընտրվել, պետք է վրացական քաղաքացիություն ունենա։ Մարդը, որը եղել է գերագույն հրամանատար, չպետք է լքի իր երկիրը,-լրագրողներին ասել է Վրաստանի նախագահը: 
 
Սաակաշվիլին Ուկրաինայում նույնպես պաշտպաններ ունի: Նրա «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը Կիևի անկախության հրապարակում է անցկացրել: Ուշագրավ է, որ նրանց հրապարակած հաղորդագրությունն ազդարարում է՝ հանրահավաքը «ոչ թե Սաակաշվիլիի համար է, այլ իշխանությունների ամենաթողության դեմ»:
 
Իսկ Օդեսայի նախկին նահանգապետ Սաակաշվիլին հայտարարել է, թե ինքը պայքարելու է Ուկրաինա վերադառնալու օրինական իրավունքի համար: 
 
- Ես սովորական ուկրաինացի եմ,-նշել է նա:
 
Ավելի ուշ լրատվություն տարածվեց այն մասին, թե վրացական ու ուկրաինական հեղափոխությունների հերոսը մտադիր է մեկնել Ամերիկա՝ հարազատների մոտ: 
 
Մարդուն չեն գնահատում, էլի: Վրաստանի համար այդքան բան արեց, «գահընկեց» արեցին: Ուկրաինայում բուռն գործունեություն ծավալեց, դուռը ցույց տվեցին: Հիմա հետաքրքիր է՝ իրեն կրթություն տված Ամերիկան ի՞նչ վերաբերմունք է ցույց տալու: Հավանաբար նրա համար կգտնի մի նոր երկիր, որտեղ նա կարող է իր հեղափոխական ծրագրերն ու գաղափարները կյանքի կոչել … 
 
Մի բան է անհասկանալի մնում` հիմա ո՞վ է Սաակաշվիլիին` վրացի՞, ուկրաինացի՞, ամերիկացի: Տեղյակ մարդիկ էլ ասում են` նրա հայրը Վրաստանի իր շրջապատին հայտնի է Սահակով ազգանունով: Երևում է` իսկական աշխարհաքաղաքացի է: Այդպիսիների մասին ասում են` ո՛չ միս է, ո՛չ ձուկ, այսինքն` ճաշակել չի լինի: