«Նոր» Թուրքիան նոր հարաբերությունների է հավակնում

Թուրքիայի նախագահ Էրդողանը դժգոհություն է հայտնել իր երկրի նկատմամբ որոշ պետությունների վերաբերմունքից: Մասնավորապես նա ասել է, թե Թուրքիան այլևս ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Գերմանիայի ուզած երկիրը չէ: «Հուրիեթը» փոխանցել է Էրդողանի խոսքերը, ըստ որոնց՝ այդ երկրները երկար ժամանակ է՝ Թուրքիայի նկատմամբ անհասկանալի վերաբերմունք են ցուցաբերում՝ նպատակ ունենալով սեղանին թողնել միայն իրենց շահերը, և ուզում են, որ Թուրքիան միայն կատարող լինի: 
 
Էրդողանն ասել է, թե այդ պետությունների իշխանությունները Թուրքիայի նախագահին ու նախարարներին թույլ չեն տալիս, որ ելույթներ ունենան, մինչդեռ իրենց երկրներն ահաբեկիչներով են լցրել: 
 
- Կա՛մ մեզ որպես հավասար դաշնակից կընդունեն, կա՛մ էլ ամեն անգամ անհարգալից վերաբերմունքի համար համարժեք պատասխան կստանան,-հոխորտացել է սուլթանացուն: 
 
Թուրքական շուկայից գերմանական մի շարք խոշոր ընկերությունների դուրս գալու սպառնալիքին էլ պատասխանել է, թե իրենց դրանով չեն վախեցնի:
 
- Այդ համագործակցությունը փոխադարձ շահերի վրա է հիմնված։ Մի ընկերությունը կգնա, կգա մյուսը։ Նրանք հիմա ցանկանում են ուշադրությունը Թուրքիայի վրա կենտրոնացնել, շանտաժ անել: Սակայն նրանք իրենց նպատակին չեն հասել,-ասել է Թուրքիայի նախագահը: 
 
Սրանով հանդերձ՝ Թուրքիան արդեն հրաժարվել է գերմանական 681 խոշոր ընկերությունների նկատմամբ մինչ այդ առաջադրած մեղադրանքներից, որոնք առնչվում էին ահաբեկչական կառույցներին սատարելուն: Գերմանիայի իշխանություններին ուղարկված այդ 681 ընկերությունների անուններով ցուցակը Թուրքիան հետ է վերցրել և անվանվել սխալմունք։
 
Սահմանադրական հանրաքվեով ուժեղացած և աշխարհաքաղաքական վայրիվերումներում առայժմ հաջողությամբ նավավարող Էրդողանը, ըստ երոևույթին, իրեն զգում է այն հգեվիճակում, որն իր ներկայացրած հանրության արժեհամակարգում բնորոշվում է «ելնեմ՝ գլուխդ կտրեմ» խոսքերով: Միաժամանակ չի խորշում նաև հարկադրական խոնարհումների ժամանակ ոտքերը համբուրելու գործելակերպից, եթե դրա շնորհիվ վեր բարձրանալով՝ կարողանում է հաջողությամբ թուր ճոճել: 
 
Արևմուտքը նման դեպքերում փորձում է Թուրքիայն ծնկի բերել Եվրամիություն նրա մուտքն անհնար համարելով: Այս անգամ էլ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնն է ասել, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը բացառված է, իսկ Մաքսային միության ընդյալնումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա իրավական պետության համար նախատեսված կոշտ պայմանները կատարի: