ՆԱՏՕ-ն փորձում է հաշտեցնել իր երկու անդամներին

ՆԱՏՕ-ի վաղեմի անդամներ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունների օրեցօր վատթարացումն անհանգստացրել է դաշինքի ղեկավարին: Ենս Ստոլտենբերգը վճռել է նրանց համար միջնորդ դառնալ: «Deautsche Welle»-ի փոխանցմամբ` նա առաջարկել է ՆԱՏՕ-ի շրջանակներում կազմակերպել գերմանացի պատգամավորների այցը Քոնիայի ռազմակայան:

Բունդեսթագի ներկայացուցիչների մուտքն Ինջիրլիքի ռազմակայան արգելելուց հետո (ինչի հետևանքը եղավ գերմանական զինուժի դուսբերումն այնտեղից)  Թուրքիան արգելափակել է նաև գերմանացի պատգամավորների մուտքը Անկարայից 250 կմ հեռավորությամբ տեղադրված Քոնիայի ռազմակայան: Գերմանացի զինվորականներն այնտեղ են, որպեսզի ՆԱՏՕ-ի համատեղ զորախմբում պայքարեն «Իսլամական պետության» դեմ:

Թուրքական կողմը որպես պատճառ նշել է երկու երկրների անբարենպաստ հարաբերությունները: Հարաբերություններ, որոնք սկսեցին վատթարանալ այն պահից սկսած, երբ Գերմանիան «համարձակվեց» իր երկարամյա դաշնակցի երեսին ասել, որ հայերի նկատմամբ ցեղասպանություն է գործել` չուրանալով նաև սեփական մեղքը:

Դրանից հետո Բունդեսթագի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, թե անիմաստ է համարում Թուրքիայում իրենց մնալու մանդատը երկարաձգելը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ գերմանական հեռուստատեսությամբ հորդորել է  չշտապել, զի գուցե խնդիրը հնարավոր լինի կարգավորել ՆԱՏՕ-ի օգնությամբ: Նա նշել է, որ տվյալ ռազմաբազայում գտնվող  գերմանացի զինվորները ենթարկվում են Բունդեսթագին, և իրենց պատգամավորները պետք է նրանց հետ անարգել տեսակցելու իրավունք ունենան:

ՆԱՏՕ-ն էլ, ահա, վերջապես որոշել է միջամտել և դաշինքի ներսում ահագնացող կնճիռը հարթել: Դժվար է ճշգրիտ կանխատեսել, թե այս միջամտությունը որքանով արդյունավետ կլինի ՆԱՏՕ-ի համար ընդհանրապես, բայց որ Թուրքիան կփորձի իրեն թանկացնել և այդ իրավիճակից ևս հնարավորինս օգուտով դուրս գալ` կասկած չկա: Երկու երկրների միջև ծագած տարբեր կարգի տարաձայնությունների հարցում Գերմանիայի դիրքորոշումն առայժմ անզիջում է թվում: