Բողոքելը դեռ իրավունքներ վերականգնելը չէ

Վենեսուելայում ընդդիմության բողոքները վերջ չունեն: Ապրիլի սկզբից Ազգային վեհաժողովում ընդդիմության իրավունքները սահմանափակելու մասին Գերագույն դատարանի որոշման դեմ դուրս եկած զանգվածները դեռևս հանդարտվելու միտք չունեն: Թեև այդ որոշումը չեղարկվել է, սակայն ընդդիմությունը հիմա էլ պահանջում է դատարանի անդամների հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացնում: Ցույցերի ընթացքում այնտեղ արդեն 100 մարդ է զոհվել:

Բողոքի գործողություններով հագեցած է լինելու նաև ընթացիկ շաբաթը: Առիթը հուլիսի 30-ին կայանալիք Ազգային հիմնադիր ժողովի ընտրություններն են: Երկու օր` չորեքշաբթի և հինգշաբթի, գործադուլ է հայտարարվել, քանի որ ընդդիմությունը համարում է, թե դա սահմանադրությունը փոխելու փորձ է:

Մի խոսքով` փողոցներ դուրս գալու համար պատրվակի պակաս չկա: Վենեսուելայում տիրող իրավիճակը ԱՄՆ-ի դեսպանությանը դրդել է նախազգուշական կոչ հղել այնտեղ գտնվող իր քաղաքացիներին` խորհուրդ տալով առաջիկա օրերի համար սննդի և ջրի պաշար հավաքել: Երևի ԱՄՆ-ը շատ լավ է պատկերացնում, թե ցույցերի նոր ալիքն ինչ ավերածություններ կարող է գործել:

Թե բողոքի այս գործողությունների շնորհիվ որքանով ավելի լավ երկիր կդառնա մեզնից այդքան հեռու տարածվող Վենեսուելան` դժվար է ասել: Սակայն մեր տարածաշրջանում ու հարակից վայրերում քիչ երկրներ չկան, որոնք դրանց հետևանքով միայն պատերազմներ, պառակտում, անկախության կորուստ, թուլացում ունեցան:

Շատերն են ասում, թե բողոքելը մարդու անկապտելի իրավունքն է: Իսկ ո՞ւմ անկապտելի իրավունքն է մարդկանց բողոքը իրեն ձեռնտու հունով տանելն ու նրանց վառված ձեռքերից համեղ շագանակները հափշտակելը…