Ո՞ւմ կհարստացնի Հիտլերի ոսկին

Երկրորդ աշխարհամարտի տարիներին խորտակված գերմանական նավում բրիտանական «Advanced Marine Services» ընկերության աշխատակիցները 4 տոննայի հասնող ոսկով լի սնդուկ են հայտնաբերել: Քանի որ այն գտնվում է իսլանդական ափերի մերձակայքում, բրիտանացիները ստիպված են դիմել Իսլանդիայի կառավարությանը, որպեսզի թույլտվություն ստանան նավի մեջ անցք բացել և ոսկին Մեծ Բրիտանիա տեղափոխել:   
 
«SS Minden» բեռնատար նավի փոստային բաժանմունքում գտնվող ոսկին (ինչպես տեղեկացրել է «Սան» լրագիրը), ենթադրաբար Գերմանիա էր տեղափոխվում ամերիկյան բանկերից: Հաղորդվում է, որ գերմանական բեռնանավը Բրազիլիայից ուղևորվել է 1939թ. սեպտեմբերի 6-ին, ոսկին առաքվել է «Banco Germanico» բանկից, որը գերմանական Դրեզդենյան բանկի դուստր ստորաբաժանումն էր: Նույն տարվա սեպտեմբերի 24-ին նավը խորտակվել է Իսլանդիայի ափերից 190 կմ հարավ-արևելք: Ենթադրվում է, թե դա արվել է Հիտլերի հրամանով, երբ այն նկատել են բրիտանական նավատորմի անձնակազմերը: 
 
Քանի որ խորտակված նավն Իսլանդիայի ջրային տարածքներում է, հետաքրքիր է՝ բրիտանական հետազոտողները այն իրենց երկիր տեղափոխելու ի՞նչ կռվաններ ունեն: Չէ՞ որ դա հարստություն է, և առկա է նաև գերմանական կողմի գործոնը, որի մասին հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չի ասվում: Արդյո՞ք Անգելա Մերկելի կառավարությունը դրանց նկատմամբ ոչ մի հավակնություն չունի, թե՞ իրեն հիտլերյան Գերմանիայի իրավահաջորդը չի համարում: 
 
Հնարավոր է, որ ժամանակին Հիտլերը նավը ջրասույզ անել է տվել, որպեսզի ոսկին իր հակառակորդ Մեծ Բրիտանիայի ձեռքը չընկնի: Ու հիմա ի՞նչ է ստացվում` 78 տարի անց այդ հարստությունը դարձյալ կարող է Անգլիային հասնել: Ընդ որում, այն ժամանակ այս երկու երկրները, ինչպես ասում են, բարիկադների տարբեր կողմերում էին կռվում: