Թուրքերը դարձյալ գերադասում են Գերմանիան

Թուրքիայում մեկ տարի առաջ՝ 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի տապալմանը նվիրված միջոցառումների ժամանակ տեսախցիկներն ամրագրել են, թե ինչպես է նախագահ Էրդողանը արցունքները սրբում և աղոթում այդ գիշեր զոհվածներ համար: Նրա վիճակագիրներն էլ այնքան ճշգրիտ հաշվումներ են արել, որ Էրդողանը վստահորեն հայտարարել է՝ 249 զոհվածների 47%-ը սպանվել է ապստամբների փամփուշտներից: 
 
Երևում է՝ սրտից թույլ Էրդողանն այդ զոհերի համար այնքան է ցավում, որ հանուն նրանց համարյա 50 000 հոգու արդեն բանտերն է լցրել: Ու քանի որ Թուրքիայում ապրելն արդեն իսկ վտանգավոր է դառնում (հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքը գործնականում բոլորին էլ կարող է կպչել), շատերն են փորձում ժամանակին հեռանալ: Հեռացողներն էլ, վերջին հարյուրամյակն է ցույց տվել, առաջին հերթին Գերմանիայում են հաստատվում (սա գուցե հատուցում է՝ հայերի նկատմամբ չարագործություններ նյութելիս թուրքերին սատարելու համար): 
 
Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո ավելացել է այնտեղից ապաստան խնդրողների թիվը: Այսպես, 2017թ. առաջին 6 ամսում Գերմանիայից ապաստան է խնդրել ավելի քան 3 հազար մարդ՝ գլխավորապես ընդդիմադիրներ և քրդեր: Ապաստան ստանալու համար Գերմանիային են դիմել 209 դիվանագետ և 205 պետական գործիչ: 2016թ. Գերմանիայում հաստատվելու խնդրանքով դիմել էին Թուրքիայի 5742 քաղաքացիներ, որոնցից 4400-ը՝ քրդեր:
 
Մի կողմից Էրդողանը դատարկում է իր «սուլթանությունը»՝ մի մասին բանտերը լցնելով, մեկ այլ մասին վտարանդի դարձնելով: Բայց մյուս կողմից էլ իր ծրագիրն է իրականացնում՝ թուրքերով ողողել և ժողովրդագրական գրոհով նվաճել Եվրոպան: Մինչ աշխարհի «տիրակալները» մոլորակի վրա «ոսկե միլիարդի» մարդատյաց  քաղաքականությունն են իրականացնում, Թուրքիայի նախագահն էլ, երևում է, իր տիրապետության տակ գտնվող տարածքներում փորձում է դրա մանրակերտը՝ «ոսկի միլիոն» նմուշը կերտել: Այդ կերպ ինքը կունենա մեկ միլիոնանոց սուլթանություն՝ բոլորն իր հլու հպատակներն ու իր բարօրության համար արցունքն աչքերին աղոթողները, իսկ աշխարհի մնացած մասի բարիքները կվայելեն այնտեղ բազմացող մեկ միլիարդ թուրքերը… Այդ դեպքում կմնա ասել՝ ողբամ զքեզ, կանաչ մոլորակ: