ԱՄՆ 45-րդ նախագահին վստահողներն աննախադեպ քչացել են

Աննախադեպ անկում է ապրել Դոնալդ Թրամփի վարկանիշը:
 
Կիրակի օրը «Էյ-Բի-Սի նյուզ»-ի և «Վաշինգթոն փոստ»-ի համատեղ հարցումները փաստել են՝ կառավարման կես տարում 45-րդ նախագահին աջակցող ԱՄՆ քաղաքացիների քանակը նվազել է մինչև 36%: Սա վերջին 70 տարվա այդ երկրի բոլոր նախագահների թվում աջակցության ամենացածր ցուցանիշն է: Հարցմանը մասնակցած ընտրողների 58%-ը դժգոհ է եղել Թրամփի վեց ամսվա աշխատանքից: Նորընտիր նախագահի պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ անցկացված հարցման համեմատությունը ցույց է տալիս, որ վարկանիշի անկումը շարունակվում է (ևս 6%):  
 
(Ի դեպ` հարցման մասնակիցների 60%-ը այն կարծիքին է, որ Ռուսաստանը փորձել է ազդել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքների վրա, իսկ 67%-ը վստահ է, որ Թրամփի թիմը այդ հարցում օգնել է ՌԴ-ին):
 
Թրամփի անվան հետ կապված անախորժ լուրերն այսքանով չեն սահմանափակվում: «Պոլիտիկոն» հաղորդել է, թե ապրիլ-հունիսին՝ ընդամենը երեք ամսում, Թրամփը փաստաբանների վրա 677 862 դոլար է ծախսել: Օրինակ, 50 հազար դոլար հունիսի 27-ին փոխանցվել է Դոնալդ Թրամփ կրտսերի շահերը ներկայացնող փաստաբան Ալան Ֆուտերֆասին:
 
Փաստաբանների վրա արված ծախսերը ևս պաշտոնավարման հարյուրօրյակի համեմատությամբ մեծացել են. այն էլ՝ համարյա եռապատիկ (այն ժամանակ այդ գումարն ընդամենը 249 344 դոլար է կազմել): Ուշագրավն այս իրողության մեկնաբանությունն է. 
 
- Փաստաբանների վրա Դոնալդ Թրամփի ծախսերը կտրուկ մեծանում են՝ 2016թ. ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին հետաքննության ընդլայնմանը զուգընթաց: 
 
Մինչև այժմ երբևէ չի լսվել, թե ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին որևէ երկիր կարողացած լինի միջամտել: Մինչդեռ հակառակի մասին գրեթե ցանկացած երկրի ընտրությունների վերաբերյալ ակնարկներ և շշուկներ լինում են:
 
Թրամփի կերպարն աղավաղող այս տեղեկությունների պսակն էլ կազմել է ռուսական «ՏԱՍՍ»-ի տարածած այն լուրը, թե օրերս ԱՄՆ քաղաքացիություն ստացած բրիտանացուն շնորհավորական նամակ է ուղարկվել… Օբամայի ստորագրությամբ: Չար լեզուներն ասել են, թե Թրամփի պաշտոնյաներն այնքան անփույթ են գտնվել, որ դեռևս վեց ամիս առաջ ստորագրված փաստաթղթերն են օգտագործում: Իսկ հնարավո՞ր Է, որ սա Թրամփի համար չարագուշակ նշան է: Որովհետև աննախադեպ է նաև այն, որ  արդեն իսկ ձայներ են հնչում, թե որոշ ուժեր նրա պաշտոնանկությունն են պահանջում: