Իրանը տարածաշրջանային խաղաղության է ձգտում

Իրանի արտգործնախարար Բահրամ Քասեմին տարածաշրջանում առկա մտահոգիչ խնդիրների պատճառ է համարել տասնամյակներ առաջ գերտերությունների թույլ տված սխալները: Նրա խոսքերով՝ իր երկիրն այժմ այնպիսի քաղաքականություն է վարում, որը միտված է այնտեղ խաղաղություն պահպանելուն: Ու հենց այդ պատճառով էլ «Իրանը մտադիր չէ ինչ-որ երկրի հետ ուրիշ երկրի դեմ կոալիցիա կազմել»: Ապա հատուկ շեշտել է՝ եթե մեր հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ լավ են, դա որևէ այլ երկրի դեմ չի լինի:
 
Որ կողմից էլ նայում ենք՝ տարածաշրջանում Ադրբեջանը միայն Հայաստանի դեմ է հակված կոալիցիաներ և այլ կարգի միություններ կազմել կամ գոնե բոլորին թշնամացնել: Թուրքիան էլ, ոչ մի կասկած, մեր ոխերիմ թշնամին է թե՛ իր արյունոտ պատմությամբ, թե՛ ներկայիս վարած քաղաքականությամբ: Այնպես որ, Իրանի արտգործնախարարի այս խոսքերը թերևս պետք է ընկալել որպես առաջին հերթին հայերիս ուղղված ուղերձ:  
 
Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու վերաբերյալ Իրանի հայտարարությունը համոզիչ է թվում. ո՞ր խելացի կառավարողը կցանկանա իր պետությունը տեսնել մի միջավայրում, ուր ամեն ինչ կործանվում, ավերվում է: Դրա համար էլ գուցե պետք չէ ցավոտ ընդունել մեր չարակամների հետ նրա բարեկամական հարաբերությունները, այլ ուղղակի՝ ճիշտ կառուցել երկկողմ հարաբերությունները և օգտվել դրանց դրական հետևանքներից:
 
Թեև՝ միջազգային բարդ խաղերի ընթացքն անգամ անկանխատեսելի է, իսկ կոնկրետ իրադրության հանգուցալուծման մասին նախնական ենթադրությունները հաճախ սխալմունքի են դատապարտված: