Բաքվում դատում են բլոգեր Լապշինին. դատախազը 6,5 տարի է պահանջել

ՊԱՇՏՊԱՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԲԼՈԳԵՐԻ ՄԵՂՔՆ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՉԷ

Հուլիսի 12-ին՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի հերթական նիստին պետական մեղադրող Նասիր Բայրամովը բլոգեր Ալեքսանդր Լապշինի համար պահանջել է վեցուկես տարվա ազատազրկում՝ ընդհանուր ռեժիմի գաղութում:
 
Լապշինը մեղադրվում է Լեռնային Ղարաբաղ ապօրինի այցելության և Ադրբեջանի պետականության դեմ կոչերի համար: Այդ հոդվածներով Քրեական օրենսգրքով նախատեսված առավելագույն պատժաչափը 8 տարի է:
 
Դատախազը հավելել է, որ պատիժը կրելուց հետո Լապշինը պետք է վտարվի Ադրբեջանից:
 
- Մեղադրյալի փաստաբան Էդուարդ Չեռնինը դատարանի նախորդ նիստին հայտարարել է, որ իր վստահորդի մեղքն ապացուցված չէ: Նա միջնորդություն է ներկայացրել ապացույցների ցանկից բացառել մեղադրող կողմի բոլոր 10 վկաների ցուցմունքները,-գրել է  JAMNEWS-ը:
 
- Որպես վկա հանդես եկող անձը պետք է ուղղակիորեն կամ կողմնակի կերպով վկա լինի հստակ քրեական գործողության: Սակայն վկաները Լապշինի որևէ գործողության ականատես չեն եղել: Նրանք ասել են, որ նրա գործողությունների մասին իմացել են համացանցից և ԶԼՄ-ներից: Վկաները բռնի տեղահանվածներ են Շուշիի շրջանից, նրանք խոսում էին այն տառապանքների մասին, որոնք նրանց հասցվել են ղարաբաղյան պատերազմի արդյունքում: Սակայն պատերազմը տեղի է ունեցել մեր ժամանակներում, և մենք բոլորս կարող ենք վկա լինել: Այդ պատճառով էլ, հաշվի առնելով այն, որ վկաների ցուցմունքները չեն վերաբերում Լապշինին առաջադրված մեղադրանքների էությանը, խնդրում եմ դրանք հանել ապացույցների ցանկից, – փաստաբանի խոսքերն է մեջբերել «Կավկազսկի ուզելը»:
 
Դատախազի մեղադրական խոսքից հետո փաստաբան Չեռնինը դատարանին խնդրել է իրեն ժամանակ տրամադրել ելույթի համար: Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 19-ին:
 
«ԼԱՊՇԻՆԻ ԳՈՐԾԸ. Ի՞ՆՉ, ԻՆՉՊԵ՞Ս և ԻՆՉՈ՞Ւ»
 
Ադրբեջանցի լրագրող, Պատերազմի և խաղաղության ինստիտուտի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Շահին Ռզաևը իր հրապարակումներից մեկում՝ «Լապշինի գործը. ի՞նչ, ինչպե՞ս և ինչո՞ւ», հետաքրքիր մի մանրամասն է հիշատակել.
 
 
- Լապշինից առաջ բոլոր արտասահմանցիներն ապօրինի այցելում էին Լեռնային Ղարաբաղ: Այսօրվա դրությամբ Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» 335 անուն կա, իսկ երկու տարի առաջ դրանք 400-ից ավել էին: Ինչո՞ւ է հենց Լապշինի հանդեպ հետախուզում հայտարարվել, ինչո՞ւ է հենց նա ձերբակալվել Մինսկում և արտահանձնվել Բաքվին: Այդ հարցի պատասխանը մի քանի վարկած ունի:
 
Նախևառաջ, Լապշինն իրեն ծայրահեղ հանդուգն է պահել: «Սև ցուցակ» ներառվելուց հետո նա կրկին հատել է Ադրբեջանի սահմանը և հանրային կերպով գլուխ է գովել իր «հերոսությամբ»: Սակայն դա ողջ պատմություն չէ. վրաց-ադրբեջանական սահմանը հատելու մասին իր գրառման մեջ Լապշինը ցենզուրայից դուրս արտահայտություններ է արել Հեյդար Ալիևի հասցեին, որին Ադրբեջանում համազգային առաջնորդ են համարում:
 
Բացի այդ, հանգուցյալ Հեյդարն Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայրն է: Այսինքն, հնարավոր է, այստեղ իր դերն է խաղացել նաև անձնական վիրավորանքը: Այդ գրառումն արդեն ջնջվել է Լապշինի բլոգից, սակայն համացանցում հասցրել է տարածվել. «Խաղ Չեմպիոնների լիգայում. Ադրբեջանի Հանրապետությունը Սաշա Լապշինի դեմ, հաշիվը՝ 1:0 հօգուտ բլոգերի»:
 
Ոչ իրավական պետությունում, ինչպիսին ես համարում եմ Ադրբեջանը, հաճախ խոսակցությունը տեղափոխվում է «հասկացությունների» մակարդակ: Լապշինը խախտել է այդ «հասկացությունները»: Եվ արդյունքում ստացել է իրենը:
 
Երկրորդ բացատրությունը ռուս-բելառուսական հարաբերություններում առկա լարվածությունն է: Լապշինի կալանավորումը Մինսկում համընկել է ռուս-բելառուսական հարաբերությունների հերթական սառեցման հետ:
 
Բելառուսը, թեև մասնակցում է պուտինյան այնպիսի նախագծերին, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը, ԵվրԱզԷՍ-ը, Մաքսային միությունը և այլն, միշտ աչքի է ընկել համեմատաբար անկախ քաղաքականությամբ: Ռուս-բելառուսական հարաբերություններում լարվածությունը սկսվեց այն բանից, երբ բելառուսական կողմը փորձեր արեց վերանայելու Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի գինը և վճարել ոչ թե 132 դոլար, այլ 73 դոլար հազար կուբամետրի դիմաց: Դեկտեմբերի 30-ին Մինսկը միակողմանիորեն 7.7%-ով բարձրացրեց ռուսական նավթի տարանցման գինը: Բացի այդ, Բելառուսի նախագահը հայտարարել է, որ այլընտրանքային մատակարարների հետ նավթ գնելու վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել, որոնց թվում Իրանին և Ղազախստանին զուգահեռ նաև Ադրբեջանն էր: Մոսկվայի և Մինսկի կոնֆլիկտը տարածվել է նաև Բելառուսից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքի վրա:
 
Աճող լարվածության լրացուցիչ ախտանշան դարձավ այն փաստը, որ բելառուսական կողմը որոշեց չմասնակցել ՀԱՊԿ և ԵՏՄ գագաթնաժողովին, որը տեղի ունեցավ 2016թ-ի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում: Արդյունքում, Մինսկը չստորագրեց ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը, առանց որի փաստաթուղթը չի կարող ուժի մեջ մտնել:
 
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ԶԼՄ առաջին ներկայացուցիչը չէ, որը տուժել է Մինսկի և Մոսկվայի միջև առճակատումից: 2016թ-ի վերջում Բելառուսում առցանց լրատվամիջոցների 3 ռուս հեղինակ է ձերբակալվել «Ռեգնում», «Lenta.ru» և «Եվրասիա դեյլի» աղբյուրներում «միջէթնիկական թշնամանք» հրահրելու համար, հաղորդում է «Կավկազսկի ուզելը»:
 
Ի դեպ. իր իսկ «Ի՞նչ սպասել հետո» հարցին ի պատասխան՝ Ռզաևը ուշարժան մի վարկած է առաջ քաշում.
 
- Շատ մեկնաբաններ այն կարծիքին են, որ ցուցադրական դատից հետո Լապշինը կարտահանձնվի Ռուսաստանին կամ Իսրայելին, որոնց քաղաքացի է: Ճիշտ է, պաշտոնական Բաքուն դրանից կարող է իր համար որոշակի շահ ունենալ:
 
Օրինակ, Ռուսաստանի քաղաքացի Լապշինին Ռուսաստանի մեկ այլ քաղաքացի Դիլհամ Ասկերովի հետ փոխանակելը, որը Լեռնային Ղարաբաղի բանտում է…
 
…Հետաքրքիր է, որ Ուկրաինայի ԱԳՆ կողմից, որի քաղաքացի է «Օլեքսանդր» Լապշինը, ի պաշտպանություն նրա որևէ հայտարարություն չի հնչել:
 
(Ըստ JAMNEWS-ի հրապարակումների)