Ադրբեջանի դունչը խաղողին չհասավ

ԵՐԵՎԻ ԿԱՍԻ` ԽԱԿ ԷՐ

Ադրբեջանն այնքան է հարգում միջազգային իրավունքը, որ Ինտերպոլին է դիմել` Արցախ այցելած եվրախորհրդարանի պատգամավորներին ձերբակալելու իրավունք ստանալու համար: Արցախի սահմանադրական հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով այնտեղ այցելած եվրապատգամավորներ Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարոսին (Կիպրոս) և Յարոմիր Շտետինային (Չեխիա) նույնպես Ադրբեջանը մեծագույն խնամքով ընդգրկել էր իր տխրահռչակ սև ցուցակում և նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարել:

Ահաև հայտնի է դարձել, որ չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային ձերբակալելու թույլտվություն ստանալու Ադրբեջանի խնդրանքն Ինտերպոլը մերժել է: Լուրը հաղորդել է չեխական «Ռադիո» կայքը: Երևում է` Ադրբեջանը Ինտերպոլը շփոթել է Ուկրաինայի կամ էլ հենց Վրաստանի հետ և մտածել, թե եվրապատգամավորները նույնպես  Լապշինի կամ Մուխթարլիի նման շատ արագ իր ձեռքում կհայտնվեն: Որից հետո ինքն աշխարհին առանց դժվարության կապացուցեր, որ Արցախն իրենն է ու նրա հարցերն ինքն է տնօրինում:
Դե` չստացվեց: Այդքան հիանալի ծրագիրն այդ անհասկացող Ինտերպոլը ձախողեց…

Բայց եթե Ինտերպոլն էլ հրապուրվեր չարչրկված նավթադոլարներով ու նավթահամ խավիարով  և նման թույլտվություն տված լիներ` ի՞նչ իրավիճակ էր առաջանալու: Ինտերպոլի փոստը ողողվելու էր Ադրբեջանի` հազարավոր, միլիոնավոր մարդկանց ձերբակալելու խնդրանքներով: Այդ պարագայում երևի Ադրբեջանը չէր սահանափակվի  հայկական ազգանուն ունեցող բոլոր մարդկանց այցելությունների վրա արգելք դնելով: Նա պարզապես կփորձեր ձերբակալել աշխարհի բոլոր հայերին ու Բաքու տեղափոխել: 

Ուրեմն պետք է փառք տալ Աստծուն և կեցցե ասել Ինտերպոլին: