Նախագահ էլ կա, նախագահ էլ

Տեսնես Աբխազիայի հաշմադամների ֆուտբոլային ակումբի փոխնախագահը գոնե մի պահ գլխին զոռ տվե՞լ է, որպեսզի իրեն երկու հարց տա: Նախ` եթե Հայաստանը դեռևս իր զավակ Արցախի անկախությունը չի ճանաչել, ինչո՞ւ պիտի Աբխազիայինը ճանաչի: Ապա և ամենակարևորը` նույն Աբխազիան ինքը Արցախի անկախությունը ճանաչե՞լ է: Այս ամենից մեկ այլ հարց էլ է առաջանում` գրառում կատարողն իր մտքերը ինքնորո՞ւյն է մտահղացել, թե նրան օգնել է, օրինակ, հայատյացությամբ գերսնված որևէ ադրբեջանցի:

Սեփական կշիռը բարձրացնելու նպատակով որոշ երկրներ այլ ելք չեն տեսնում, քան ուրիշներին քաշազրկելը: Նման նկրտումներ ունի, օրինակ, մեր հարևան Ադրբեջանը` իր հավերժական ղեկավար Հեյդար Ալիևի գլխավորությամբ:

Բարեբախտաբար բոլոր նախագահները չէ, որ այդքան նեղմիտ են: Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան, օրինակ, խիստ մտահոգվել է իր երկրում թափ առած տրամադրություններով և հանդես է եկել կոչով: Առիթը եղել է անցյալ շաբաթ սոցցանցերում հայտնված մի մեկնաբանություն, որտեղ հրապարակվել են Աբխազիայի հաշմադամների ֆուտբոլային ակումբի փոխնախագահի խոսքերը` եթե Հայաստանը Աբխազիայի անկախությունը չճանաչի, պետք է հայերին հարկադրել, որ այստեղից հեռանան: Դրան, բնականաբար, բուռն քննարկումներ են հաջորդել:

Աբխազիայի նախագահն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել հայերի և աբխազների միջև սեպ չխրել: Պատերազմի վետերանների հավաքներից մեկում հնչած արտահայտությունները քննարկելով` նա նշել է, որ հայրենասիրությունը չի կարելի ազգայնականության հետ շփոթել` առաջինի հիմքում սերն է սեփական երկրի հադեպ, երկրորդի հիմքում` ատելությունը այլ ազգերի նկատմամբ: Ու չի մոռացել օրինակ բերել Երկրորդ աշխարհամարտի ողբերգական դասերը:

Կովկասի տարբեր երկրներում զանգվածաբար բնակվող հայերը, իհարկե, մեծ փորձությունների միջով են անցնում: Այնտեղ Վրաստանն է ցանկանում ԽՍՀՄ օրոք իր ձեռքում հայտնված բոլոր տարածությունները ամուր պահել, Ռուսաստանն է իր շահերն առաջ տանում, բազմաթիվ փոքր ու մեծ ազգություններ էլ ձգտում են իրենց բախտը սեփական միջոցներով տնօրինել: Նրանցից յուրաքանչյուրը, ըստ էության, իր ազդեցության գոտիներում բնակվող հայերի մեջ ցանկանում է հլու գաղափարակից տեսնել: Այժմ էլ պարզվում է` նաև ակնկալում են     նրանց հայրենիքից (ՀՀ-ից) իրենց օգտին քաղաքական աջակցություն ստանալ:  

Կրկնենք` Աբխազիայի հաշմադամների ֆուտբոլային ակումբի փոխնախագահն ի վիճակի չէ՞ հասկանալ, որ եթե Հայաստանը դեռևս իր զավակ Արցախի անկախությունը չի ճանաչել, ինչո՞ւ պիտի Աբխազիայինը ճանաչի: Բացի այդ` նույն Աբխազիան ինքը Արցախի անկախությունը ճանաչե՞լ է: Եվ` Արդյո՞ք այս գրառման հեղինակի հուշարարը հայատյացությամբ գերսնված որևէ ադրբեջանցի չէ: