Դեռահասների չարագործությունը կանխել չարժե՞

Լրատավամիջոցներում հաճախ աննշան թվացող իրադարձություններ են հայտնվում, որոնք, սակայն, մտորելու առիթ են դառնում: Այդպես հայտնի է դարձել նաև Գերմանիայի Բադ Թյոլդ քաղաքի 13-ամյա բնակչի արարքը. նա իր հասակակիցներին ընդհանուր գումարով 10 000-ից ավելի եվրո է բաժանել, որպեսզի իր հետ ընկերություն անեն: Տարեկիցների ընկերությունը գնելու նպատակով տղան «անհատական մոտեցում» է ցուցաբերել՝ մեկին ընդամենը 100 եվրո է վճարել, մեկ ուրիշին՝ ամբողջ 2400:
 
Այս աննխադեպ առևտրի վերաբերյալ քաղաքի ոստիկանությունը հաղորդում է ստացել և պարզել է, որ գումարը տղան ծնողներից է գաղտնի վերցրել: Բայց հետո դրա համարյա կեսը կարողացել է հանձնել ընտանիքին, քանի որ դեռահասներից ոմանք ստացածը վերադարձրել են:
 
Փաստորեն, դեռահասի ընկալումներով, ընկերություն ու ընկերներ ձեռք բերելու համար պետք է վճարես՝ ինչպես ցանկացած ապրանքի համար ես վճարում: Ու նաև՝ այնքան կարևոր բան է ընկերությունը, որ դրա համար գողության դիմելը, թեկուզ սեփական ընտանիքիցդ, անընդունելի չէ: Սա, իհարկե, աշխարհում միակ նման դեպքը չէ, ուղղակի այս մեկը ոստիկանության ուշադրության կենտրոնում է հայտնվել, ապաև «Լոկալի» միջոցով տարածվել: 
 
Առակ հիշեցնող այս պատմությունից քաղելիք դասն այն է, որ չհասունացած անձը մարդկային հարաբերություններն ընկալում է որպես սովորական ապրանք և պատրաստ է դրա համար վճարել: Իսկ թե վճարածի դիմաց ի՞նչ է ակնկալում ստանալ, սոսկ նրա թերզարգացած ուղեղը գիտի:
 
* * *
Անհատների հարաբերությունների վերաբերյալ այսքան միամիտ թվացող  ընկալումները, սակայն, միանգամայն այլ տեսանկյունից են երևում, երբ խոսքը պետություններին է վերաբերում: Ըստ էության` հարևան և ոչ հարևան երկրնների հետ հարաբերությունները կարգավորելու համար պետությունները պատրաստ են գին վճարել: Դա առավել բարձր մակարդակով կոչվում է շահերի համընկնում, իսկ «դեռահասները» հասկանում են 13-ամյա գերմանացու պես՝ խշխշան թղթադրամներ վճարիր, և քեզ անհրաժեշտ երկրների կամ գործիչների «բարեկամությունը» գրպանումդ է: 
Ահավասիկ Ադրբեջանը: Նրա թերզարգացած «ուղեղը» համոզված է, որ ամեն ինչ գին ունի, ուղղակի հարկավոր է նավթադոլարներն արդյունավետ օգտագործել: Բայց քանի որ լկտիացել է ու զգուշության մասին մոռացել, միջազգային «ոստիկանությունը» գտել է դրա հետքը: Ապացույցը Եվրախորհրդարանի վերջին  զարգացումներն են: 
 
Սովորաբար դեռահասին մեղմ պատիժ են նշանակում՝ համարելով, որ նա ամբողջովին մեղսունակ չէ: Ըստ երևույթին միջազգային կառույցներն այս սկզբունքով են առաջնորդվում, դրա համար էլ Ադրբեջանի բոլոր մեղքերը ներում են՝ չգիտակցելով, որ երբ հանցագործ ձեռքը չես բռնում, հետագայում նրա գործած չարագործությունների հետևանքները կործանարար են լինում: