Ընդմիշտ ավազակ

Բուլղարական «Տրուդ» թերթի աղմակահարույց հրապարակումը, որտեղ մերկացվել էր Ադրբեջանի` ահաբեկիչներին զենք մատակարարելու փաստը,  շարունակում է նորանոր արդրադարձներ ունենալ:

Եվրոպական «Բիզնես նյու Յուրոուփ» առցանց պարբերականը, օրինակ, նշել է, թե առանց Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի համապատասխան թույլտվության, խախտելով միջազգային իրավունքը, ադրբեջանական SilkWay Airlines ավիաընկերությունը միլիարդավոր դոլարների ռազմամթերք է տեղափոխել տարբեր երկրներ, որոնք այնուհետև հայտնվել են ահաբեկչական խմբավորումների ձեռքին և միջազգային հանցագործությունների գործիք դարձել:
 

Պարզվում է, սակայն, որ տվյալ ավիաընկերությունը պատկանում է հենց Իլհամ Ալիևի ընտանիքին: Դա են փաստում 2016թ. ապրիլյան պատերազմից օրեր առաջ գաղտնազերծված «Պանամյան փաստաթղթերը»:

Ալիևը որքան պետք է աշխարհի ներողամիտ վերաբերմունքից երես առած լինի, որ զենքի արգելված վաճառք իրականացնի սեփական ավիաուղիներով: Այն հանգամանքը, որ մի քանի տարի շարունակ նրան դա հաջողվել է` մոլորակի ապագայի համար ամենասև կանխագուշակումների հիմք է տալիս: Այսքանից հետո էլ չի երևում, թե աշխարհիս բախտի համար պատասխանատուները դրանով շատ անհանգստացած են: Պետք է օրինակ Իրանի նախագահը նման քայլ աներ, որպեսզի բոլորն «արդար զայրույթով» պատժամիջոցներ պահանջեին:

Ուշագրավ է նաև Ալիևի ավիաընկերության անունը` «Մետաքսի ճանապարհ»: Երբ իրական Մետաքսի ճանապարհը գործում էր և հաղորդակցության կարևոր ուղի էր, Ալիևի նախնիները երևի նրա մատույցներում ավազակությամբ ու թալանով էին զբաղված: Բայց դե` ժամանակները փոխվել են. չի փոխվել միայն նրանց գործունեության բնույթը: Պարզապես հիմա դա նոր «փաթեթավորմամբ» է ներկայացվում: