Արցախի բարբառն ու դրոշը՝ հորդանանյան սրբավայրում

ԷՍ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ

Ինչպես որ մեր սուրբ լեռն է անհիշելի ժամանակներից երկփեղկված, այնպես էլ մեր օրերում հայոց պետականությունն է երկփեղկվել: Մեր երկփեղկված երկու պետական միավորները խորհրդանշող լեզուներով աստվածաշնչյան մի պատկեր տեղ է գտել Իսրայելում՝ Հորդադան գետի ափին տեղադրված այն սրբավայրում, որտեղ ըստ ավանդության Հովհաննես Մկրտչի ձեռամբ մկրտվել է Հիսուս Քրիստոսը:

Ուխտագնացության այդ կենտրոնի պատերին աշխարհի տարբեր լեզուներով գրառված է Մարկոսի ավետարանի նույն հատվածը, որտեղ Քրիստոսի մկրտության տեսարանն է նկարագրվում: Հայերենով այն չորս տարբերակ ունի՝ գրաբար, գրական արևելահայերեն և արևմտահայերեն, ինչպես նաև Արցախի բարբառով: Հատկանշական է, որ առաջին երեք տարբերակները ներկայացված են լատինատառ Արմենիա նշումով և ՀՀ դրոշով, իսկ արցախյան տարբերակի վրա նշված է Արցախ լատինատառ բառը և Արցախի Հանրապետության դրոշը: Այս չորս տարբերակն էլ անկասկած հայոց այբուբենի տառերով են գրված: «Նյուզ.ամ»-ի լուսանկարից այդ հատվածի արտագրությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Փույթ չէ, որ այն հայության փոքր մասին է հասկանալի, սա հայերենի տարածված բարբառներից մեկն է և մեր լեզվի հնագույն շերտերից բազմաթիվ եզակի նմուշներ է պահպանել.

Էն ուրէրէն Հիսուսը
Կյալիլեցուց Նըզըրեթան յեկավ,
Հօրդանանէն մաչին մկրդվից
Օհաննէսին ծէրքավը:
Ճիրան տյուս յէկավ, թա չէ,
Տըէսավ յէրգինքը ճըղված,
Ըստուծէն Հուքյին՝ ըղօն էգյու
Նըման ուրան յըրան քըշընալիս:
Մին ծէն եկավ յիրգյինքյան.
«Տուվըս իմ սիրելի Վէրթին,
Վէրին հավան ըմ կացալ»:
Մարկոս 1:9-11

Նկարագրված տեսարանում նշվում է. «Երբ Հովհաննես Մկրտիչը Հորդանան գետում մկրտում է Հիսուսին, Աստծո ոգին որպես աղավնի իջնում է Հիսուսի վրա։ Եվ Ձայն եկավ, որն ասում է. «Դու ես իմ սիրելի որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճությունը»:
Այն, որ Աստվածաշնչը կարող էր բարբառային տարբերակով թարգմանվել, դրա վերաբերյալ որևէ տեղեկություն չգտնվեց: Թերևս թարգմանվել է լոկ այստեղ նշված հատվածը: Սակայն եթե հետևելու լինենք, օրինակ, հայագիտական ուսումնասիրություններ կատարող Արման Ռևազյանի հրապարակումներին (իր հիմնադրած «Մաքառած» կամ «Մակարաց» կայքում), ապա հավանական է, որ այն նախապես հայերեն է գրվել, իսկ հետո արդեն ուրիշ լեզուներից վերաթարգմանվել: Հեղինակն իր միտքը բավականաչափ համոզիչ փաստարկներով է հիմնավորում, որոնց այստեղ անդրադառնալն այս հրապարակման խնդիրը չէ: Պարզապես սա հիմք է տալիս ենթադրելու, որ հայերենի ամենահին շերտերից եկող արցախյան բարբառի համար Աստվածաշունչի տեքստը, հնարավոր է, բնավ էլ խորթ չէ… Ի դեպ՝ տվյալ նախաձեռնության հեղինակները Խաչիկ և Թորոս Ալաջաջյաններն են, ովքեր 2014թ. այն նվիրել են իրենց ծնողների՝ Հակոբի և Նվարդի հիշատակին:
 

Միայն թե զարմանալի է՝ ինչպե՞ս է եղել, որ Իսրայելի սրտագին բարեկամ Ադրբեջանը այս մասին դեռևս չի տեղեկացել և վերջնագրի տեսքով չի պահանջել այդ գրությունը անմիջապես հեռացնել: Նման վերջնագիրը, ինչպես փորձն է ցույց տալիս, չի ուշանա: