Ատոմի փոխարեն` արև և ջուր

Իհարկե, էլեկտրականություն ստանալու շատ միջոցներ կան, սակայն ատոմակայանների հզորությունը մնում է անգերազանցելի: Աշխարհի շատ հզոր պետություններ, որոնք վառելիքային պաշարներ չունեն, ոչ էլ հորդահոս գետեր` էլեկտրակայաններ աշխատեցնելու համար, միջուկային ռեակտորների օգնությամբ են հոգում տնտեսության էներգետիկ կարիքները:

Ցավոք, սակայն` այս ամենահզոր միջոցը նաև ամենավտանգավորն է:

Ֆրանսիան, օրինակ, բնապահպանության նախարարի պնդմամբ` վճռական է մինչև 2025թ. 17 ատոմային ռեակտոր փակել: Նպատակը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ միջուկային էներգիայի դերի նվազեցումն է: Հատկանշական է, որ այժմ այդ երկրի էլեկտրաէներգիայի 75%-ը ատոմակայաններն են ապահովում, իսկ վերը նշվածն իրկանացնելու դեպքում այն կնվազի մինչև 50%-ի:

Ահաբեկիչների բուռն գործունեության ու բնական ահագնացած աղետների մեր ժամանակներում թերևս ոչ մի ատոմակայան անվտանգ չէ, որքան էլ հմտորեն պահպանվի: Էժան ու առատ էլեկտրաէներգիա ստանալու ցանկությունը հզորներին մղել է մոլորակը պատել միջուկային ռեակտորներով, սակայն արդեն վրա է հասնում նաև արթնացումը: Եթե առանց էլեկտրաէներգիայի կյանքը չես պատկերացնում, ուրեմն փորձիր դրա համար բնության ուրիշ ուժեր օգտագործել:

Թերևս միայն Թուրքիան է տարրական ճշմարտությունները հակառակ կողմից տեսնում, ու հիմա երազում է գոնե մեկ ատոմակայան ունենալ: Ինչպես հայտնի է` նրան այդ հարցում անգնահատելի օգտնություն է խոստացել Ռուսաստանը: Ընդ որում որքան էլ նրանց հարաբերությունները վատացել են, Թուքիային ատոմակայան նվիրելու Ռուսաստանի վճռականությունը չի երերացել: Իսկ գուցե այդ ատոմակայանը պարզապես տրոյական ձի է լինելու` ներդրված Թուրքիայում… 

Որպես ատոմակայան ունեցող և բնական ու տարածաշրջանային վտանգավոր միջավայրում գտնվող երկիր` Հայաստանին նույնպես այդ հարցը շատ է մտահոգում: Օտարները մեր երկիրը արևային «տիտղոսով» են միշտ մեծարում, իսկ Նաիրի հինավուրց անունը որպես «գետերի երկիր» են հասկանում: Հուսանք, որ արևային մարտկոցներով էլեկտրաէնարգիա ստանալու ծրագիրն ի վերջո մեր պետությանը կազատի միջուկային էլեկտրակայանի անհրաժեշտությունից, մեր արագահոս գետերը ևս միջուկային վտանգից մեզ ազատելու միջոց կծառայեն: