Ալիևն՝ իր իսկ լարած թակարդում

ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԱՊՏԱԿԸ» ԲԱՔՎԻՆ

Ժողովրդական մի չար «մաղթանք» կա՝ էնքան դարդ ունենաս, որ ինձ մոռանաս: Աշխարհի հզորներին էլ կարծես պատուհասել է այդ անեծքը: Իրենց երկրներում ու շուրջբոլոր այնքան թնջուկներ են կուտակվել, որ հիմա ամբողջ ուշադրությունը սևեռել են  ներքին ու գլոբալ խնդիրրների վրա՝ աչքի պոչով հետևելով այլ պետությունների վայրիվերումներին:
 
Այս ամենը նեղ վիճակի մեջ է գցել հարևան Ադրբեջանին, որն իր եփած լափը միայնակ մարսելու բարդ վիճակում է: Խոսքն արցախյան սահմանում իրենց թեժացրած լարվածության, քացաքացիական բնակավայրից բնակչության թիկունքում թաքնվելու ու այնտեղից կրակոցներ արձակելու մասին է:
 
Իրավիճակն անգամ Ադրբեջանի   հանրությանն է զայրացրել: Ըստ տեղեկությունների՝ Ալխանլու գյուղի բնակիչները, որտեղից Բաքուն կրակել է հայկական կողմի ուղղությամբ, ծեծել են իրենց գյուղում դարականալած ազերի զինվորներին: Այսինքն՝ անգամ պատերազմական օրենքից անտեղյակ գյուղացիներն են ընդվզում Ալիևի արկածախնդրության դեմ: 
 
Ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար Ադրբեջանը, բնականաբար, պիտի ապավիներ Թուրքիային: Եվ Իլհամ հեյդարօղլին այսօր Ստամբուլում  հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Ըստ Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են արցախյան հիմնախնդրին: Թուրքիան հերթական անգամ երգել  է նույն երգը՝ կանգնած է փոքր ախպոր կողքին, միշտ սատարում է Ադրբեջանին: Իսկ թե ինչպե՞ս, այ այդ հարցի պատասխանը չկա:  
 
Սա արդեն ենթադրության տեղիք  է տալիս:
 
Ինչքան էլ Անկարան հայտարարում է Բաքվին սատարելու մասին, բայց պարզ է՝ Հայաստանի դեմ Էրդողանը բացահայտ ճակատ չի բացի: Թուրքիան առանց այդ էլ խրված է ներքին ու արտաքին խնդիրների մեջ, ու նոր գլխացավանք ն րան պետք չէ: Դեռ շարունակվում են Էրդողանի դեմ Թուրքիայի հանրության մի մասի բողոքի ալիքները, քրդական  պետության ստեղծման հանրաքվեն սարերի ետևում չէ, Սիրիայի խնդրի լուծումն էլ չի ուրվագծվում: Իհարկե, սա չի նշանակում, որ Անկարան ձեռքերը ծալած կնստի: Զինվոր, զենք,  խորհուրդներ Ադրբեջանին՝ ինչքան ասես, բայց բացահայտ ճակատ և բացահայտ պատերազմ ընդդեմ Հայաստանի՝ հազիվ թե: Սակայն Ադրբեջանում իրավիճակն այնքան է լարվել, որ միայն զենք ու զինվորով դարդին դարման չես անի: 
 
Սրան զուգահեռ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ ադրբեջանամետ հայտարարությունը, ակնարկն այն մասին, որ չեն հավատում Բաքվի կոկորդիլոսի արցունքներին, թե իբր հայկական կողմը խոցել է քաղաքացիական բնակչությանը՝ ըստ երևույթին խուճապահար են արել Ալիևին: Հավելումն՝ Մինսկի խմբի, միջազգային տարբեր կառույցների պնդումները, թե հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, Բաքվին լրիվ մեկուսացված վիճակում է դրել: 
 
Ի՞նչ կարող է անել Ալիեը: Կամ պիտի միայնակ  շարունակի սադրանքները՝ ներքին լսարանին մոլորեցնելու, արցախյան խնդրի շահարկմամբ փողեր լվանալու գործընթացը: Սակայն ներկա իրավիճակում ներքին լսարանին մոլորեցնելն էլ դժվար է. ի վերջո ստիպված է լինելու զինյալներին քաղաքացիական բնակավայրից հետ կանչել՝ առանց Արցախը ետ բերելու: Ու հենց նման դեպքերի են համար են անդրկովկասցիներն ասում՝ «Էշ նստելը մի այիբ է, էշից իջնելը՝ երկու»: Հերթական այս թեժացումը հեյդարօղլու ճակատին հենց այդ երկու «երկու այիբներն» են խարանելու:
 
Իսկ հայկական կողմն, անշուշտ, համարժեք պատասխան տալուց զատ, դիվանագիտական ճակատում կներկայացնի Բաքվի ապակառուցողական կեցվածքը և գերտերություններից կպահանջի ավելի կոնկրետ քայլեր անել ու առավել հստակ դիրքորոշում ցուցաբերել: