Առա՛ջ` դեպի... քարեդար

Ատոմային դարին, ասում են` փոխարինելու է գալիս քարի դարը, երբ ամայացած մոլորակի ատոմային դարավոր ձմեռվանից հետո կյանքն սկսում է նոր ուժով ծաղկել:

Միավորված ազգերի կազմակերպությունը փորձել է միավորել անդամ պետությունների ջանքերը, որպեսզի աշխարհը փրկի միջուկային զենքի կործանարար հետևանքներից, սակայն` դարձյալ ապարդյուն: Այդ զինատեսակի արգելման վերաբերյալ տասնամյակներ ի վեր հնչող առաջարկները շարունակում են մնալ:

Դրա ամբողջական արգելքի վերաբերյալ վերջին համաձայնագիրը մի քանի օր առաջ հրաժարվել է ընդունել ինը միջուկային երկիր` ԱՄՆ-ը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան և Իսրայելը:

Աշխարհի աչքին հզոր երևալու հավակնություններ ունեցող երկրները հավանաբար մտածում են, թե միայն սպառնալիքի ուժով կարող են մյուսներին ապացուցել իրենց արժեքը: Իսկ միջուկային զենքից ավելի խոսուն սպառնալիք որտեղի՞ց գտնեն: Իհարկե, նշյալ երկրներից յուրաքանչյուրը կգերադասեր, որ միայն ինքը տիրապետեր այդ անհաղթահարելի ուժին և ամբողջ աշխարհը բռի մեջ պահեր: Բայց, հակառակ զսպման կոշտ մեխանիզմներին (Իրանի օրինակը` վկա), միջուկային զենք են ստեղծել, ասենք, Հյուսիսային Կորեայի ու Պակիստանի նման անկանխատեսելի և անզիջում երկրները ևս: 

Իրավիճակը վերլուծելով, կարելի է ասել` մոլորակը ուղղակի վառոդի տակառի վրա է նստած, որի պատրույգն արդեն սկսել է այրվել: Փորձելով իսպառ վերացնել միջուկային զենքը` ՄԱԿ-ն ընդամենը մտադիր է այրվող պատրույգը կտրել, քանի դեռ կրակը վառոդին չի հասել: Վետոյի իրենց իրավունքից օգտվող միջուկային հզոր պետությունները, դրան համաձայնություն չտալով, Երկիրը տանում են դեպի մոխրացում` ատոմային պայթյունների ամենակուլ բոցերի մեջ:

Անհասկանալի է մնում մեկ բան` մի՞թե բոլորն էլ այնքան բթամիտ են, որ կարծում են, թե շղթայական պայթյունների բովում կկարողանան իրենց անարժեք կաշիները փրկել: Այս մասին օրերս խոսել է ամերիկացի գրող Սթիվեն Լեդմանը: Նա ասել է, թե միջուկային զենքի հսկայական զինանոցը  կարող է մարդկությունը բառացիորեն կործանել ու վերջ դնել Երկրի վրա գոյություն ունեցող կյանքին: