Խաղաղ իշխանափոխություն` նախկին աշխարհակալի երկրում

Մինչ աշխարհն զբաղված է հակամարտություններ արարելով և  մոլորակի բնական ու մարդաստեղծ պաշարներն իրար ձեռքից խլխլելով, Մոնղոլիայում խաղաղ իշխանափոխություն է տեղի ունեցել:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը` Խալթմագիյն Բատուլգան:

Ընդդիմադիր կուսակցության թեկնածուն իշխող Ժողովրդական կուսակցության մրցակցից 10%-ով ավելի ձայներ է հավաքել` ստանալով ընտրողների քվեի 50,6%-ը:     

Նորընտիր նախագահը հայտարարել է.

- Մոնղոլիան հաղթել է: Ես, առանց ժամանակ կորցնելու, կսկսեմ աշխատել տնտեսական խնդիրները լուծելու ուղղությամբ և Մոնղոլիայի բնակիչներին կազատեմ պարտքերից: Ես դա խոստացել եմ:

Վերջին ժամանակներում քիչ է պատահում, որ ինչ-որ երկրում խաղաղ իշխանափոխություն  լինի: Դրա համար էլ ուշադրության արժանի երևույթ է: Իհարկե, դեռևս պարզ չէ` Մոնղոլիայում սա ի՞նչ շարունակություն կունենա: Չի բացառվում, որ հետընտրական զարգացումները խռովություններ առաջ բերեն: 

Աշխարհի քաղաքական քարտեզին Մոնղոլիան խորհրդարանական պետություն է Կենտրոնական Ասիայում` Ռուսաստանի և Չինաստանի միջև: Նրա երկու հզոր հարևանները աշխարհի բախտի  հետ խաղալու հովեր ունեն, սակայն երբեմնի աշխարհակալ Չինգիզ խանի երկիրը առայժմ կարծես մի տեսակ ստվերում է մնացել: Այնուամենայնիվ, աշխարհակալությունը այնպիսի հիշողություն է, որ համեստ չափսերի մեջ չի տեղավորվում: Մողոլիայի բարգավաճումը գուցե ցանկալի է, միայն մեկ պայմանով` «պարտքերից ազատվելով» և տնտեսապես հզորանալով` մնա իր համեստ շրջանակում, իսկ  Չինգիզ խանին թողնի պատմության քառուղիներում: