Նոր սադրանքներ՝ հինը հիմնավորելու համար

Սիրիայի հակամարտությունը, ինչպես հայտնի է, սկսվեց քիմիական զենք գործադրելու մեղադրանքով՝ ուղղված այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին: Այդ մեղադրանքը հաստատել հնարավոր չեղավ, որովհետև հանցանշանները բավարար չէին: Սակայն, եթե մեղադրողին շատ է անհրաժեշտ, որ մեղադրանքը հաստատվի, հանցանշաններ կարելի է նաև սարքել… Դատավարություններն այնքան շատ են այդպիսի նախադեպերի առնչվում:
 
Ասադի դեմ Արևմուտքի թշնամությունը մինչև օրս հանգուցալուծում չի գտել: Սիրիայի նախագահը դեռ «թամբին է» ու շարունակում է իր երկիրը ղեկավարել՝ մի քանի ճակատով կռիվ մղելով: Հենց նրա հրավերով էլ ՌԴ-ն այնտեղ ռազմական ներկայություն ունի: Ու հենց ՌԴ արտգործնախարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, թե Արևելյան Գուտայում սիրիացի ահաբեկիչները քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ են նախապատրաստում, որպեսզի հնարավոր լինի հիմնավորել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին ԱՄՆ-ի ռազմական հարվածները:
 
- Տեղեկություններ կան, որ սիրիական ահաբեկչական խմբավորումները քիմիական թունավոր նյութերի օգտագործմամբ բեմականացված սադրանքներ են ծրագրում` Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին ԱՄՆ-ի հարվածները հիմնավորելու համար: Մեծ է հավանականությունը, որ գործողությունները անց կկացվեն Սիրիայի իշխանությունների համար անմատչելի բնակավայրում: Դրանցից մեկը Արևելյան Գուտայում գտնվող ընդդիմադիր միջնատարածքն է, որտեղ ավելի վաղ քիմիական թունավոր նյութեր են տարվել,-մասնավորել է Զախարովան:
 
Նման մի փորձ, հիշեցնենք, մի քանի ամիս առաջ էր արվել, և նորից այսպես ասած միջազգային հանրությունը չկարողացավ կողմնորոշվել՝ դա սադրա՞նք էր, թե՞ Ասադը խաղաղ բնակիչների նկատմամբ քիմիական զենք էր կիրառել: 
 
Ճշմարտությունը, իհարկե, մեկն է, սակայն այն ճանաչելու համար այսօրվա հասարակությունը համապատասխան ակնոց չունի: Իսկ այն ակնոցները, որոնք այս կամ այն կողմը փորձում են հարմարեցնել մարդկանց աչքերին, ճշմարտության պատկերը միայն աղավաղում է: Եվ հենց ճշմարտության պակասորդն է, որ այսպես խառնել է աշխարհը: