Ինչպես խուսափել Էրդողանի ասած ինքնասպանությունից

Եվրոպական երկրներում սկսել են ջրի երես դուրս բերել թուրքերի լրտեսական գործունեությունը:

Այժմ էլ Գերմանիայում բացահայտվել է Եվրոպայում գտնվող քուրդ քաղաքական գործիչների դեմ մահափորձեր նախապատրաստող թուրք լրտեսը: Մուսթաֆա Ք. անվան ներքո գործող թուրքը պարբերաբար կապ է հաստատել Թուրքիայի հետախուզական կոմիտեի հետ, իսկ նրա ձեռքին մահափորձերի մի ամբողջ ցուցակ է հայտնաբերվել: Միայն թե Թուրքիայի ԱԳՆ-ն չի շտապում իր գործակալին պաշտպանության տակ առնել:

Լուրը հաղորդող ANF-ն նշել է, որ թուրք լրտեսները հատկապես աշխուժացել են այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը կոչ արեց աշխարհի բոլոր անկյուններում գտնել իրենց երկրի թշնամիներին (նկատի ունի գյուլենականներին):
Մի քանի ամիս առաջ Ավստրիայից էր ահազանգ հնչել, թե Վիեննայում գտնվող` Թուրքիայի դեսպանատան միջնորդությամբ Ավստրիայում թուրքական հետախուզական ցանց է հիմնվել: Դրանից առաջ էլ հրապարակումներ էին եղել այն մասին, որ Թուրքիայի կրոնական հարցերով վարչության անդամ 38 իմամ տարբեր երկրներում լրտեսությամբ է զբաղվում:

Մի խոսքով` Թուրքիան ամբողջ Եվրոպան ծածկել է լրտեսական ցանցով և բոլորի գործերի մեջ քիթը խոթելու բուռն գործունեություն է ծավալում:

Դրա համար էլ պատահական չէ, որ նախագահ Էրդողանը երեկ ցինիկաբար հայտարարել է, թե իր ելույթն արգելելով` Գերմանիան ինքնասպանություն է գործում: Բանն այն է, որ Մեծ քսանյակի գագթնաժողովի առթիվ գերմանական Համբուգ ժամանելով` Էրդողանը մտադիր է այնտեղ հանդիպել իր թուրք համախոհների հետ: Սակայն բոլոր սրահների տերերը տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են նրան հանդիպման համար տարածք տրամադրել: 

Ինքնասիրահարված Էրդողանը չի կարող իրեն հաշիվ տալ, որ Գերմանիան ինքնասպանության ճանապարհն էր բռնել, երբ Թուրքիայի հետ դաշնակցելով` նախաձեռնում էր տանուլ տված երկու աշխարհամարտերը: Եվ իրական վերածնունդ կապրի միայն այն ժամանակ, երբ իսպառ կձերբազատվի թուրքերի հետ այնքան վտանգավոր բարեկամությունից:

Լրտեսական ցանցերի բացահայտումն ու Թուրքիայի նախագահի նենգասպառնալիքն (այլ խոսքով` շանտաժ) էլ հիմք են տալիս մտածելու, որ Եվրոպայում աչալրջության ավելի բարձր մակարդակ կորդեգրվի: Այլապես հնարավոր չի լինի պարզապես ապրուստ վաստակելու համար եվրոպական տարբեր քաղաքներում հաստատաված թուրքերին տարբերակել իրենց երկրներն ու քաղաքակրթությունը կործանելու նպատակով այնտեղ գործունեություն ծավալող գործակալներից: Ուղղակի բնության օրենքն է այդպիսին` երբ կա ազդեցություն, առաջ է գալիս հակազդելու անհրաժեշտությունը:

Այլընտրանքը Էրդողանի ասած ինքնասպանությունն է: