Մախաթը պարկում չես թաքցնի

Ադրբեջանին ամենաշատը Ռուսաստանն է զենք մատակարարում: Բայց Սիրիայում չէ՞ որ ռուսական զինուժը իսլամիստների դեմ է հանդես գալիս, գոնե այդպես հայտարարվում է: Ստացվում է՝ սեփական արտադրության զե՞նքն է ռուսի վրա կրակում:
 
Զենք գնելու տիեզերական ռեկորդներ սահմանող Ադրբեջանը, պարզվում է, այն միայն Արցախի հարցն իր օգտին վճռելու նպատակով չէ, ոչ օգտագործում է: Բուլղարական «Տրուդ» թերթի մերկացնող հոդվածը հաստատում է՝ Բաքուն երեք տարուց ավելի է՝ դիվանագիտական չվերթներն օգտագործել է Արևելյան Եվրոպայի երկրներից աշխարհի հակամարտության գոտիներ զենք մատակարարելու համար: Հասկանալի է` համապատասխան գներով: Խորհրդային տարիներին ապրանքն էժան առնող-թանկ ծախողներին սպեկուլյանտ էին կոչում: Ահա այսպիսի սպեկուլյանտություն է անում մեր չարակամ հարևանը: 
 
Գաղտնիքը բացահայտվել է Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան կայքը կոտրելուց և գաղտնի փաստաթղթերը հասանելի դարձնելուց հետո:
 
Anonymous Bulgaria կազմակերպության ցանցահենները հայտնել են, որ Ադրբեջանի պետական Silk Way Airlines ավիաընկերությունը առնվազն 350 թռիչք է իրականացրել` ամեն անգամ ահաբեկիչներին մատակարարելով մի քանի տասնյակ տոննա ծանր զենք ու զինամթերք: Հնարամիտ ավիաընկերությունը մասնավոր ընկերություններին, զենք արտադրող ձեռնարկություններին, տարբեր երկրների ռազմական գերատեսչություններին առաջարկել է սպառազինություն մատակարարել դիվանագիտական չվերթներով: Չէ՞ որ նման չվերթները ենթական չեն ո՛չ ստուգումների, ո՛չ էլ միջազգային կանոնակարգման: 
 
Երբ հայկական կողմը բարձրաձայնում է, թե Ադրբեջանը պետական մակարդակով ահաբեկչություն է իրականացնում, միջազգային հեղինակավոր կառույցներն ու այս աշխարհում կշիռ ունեցող պետությունները բերանները ջուր առած լռում են: Ընդամենը երեկ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը իր առաջապահ դիրքեր դուրս չի բերել, բայց փոխարենը դարձյալ խախտել է հրադադարի կարգը և, մեր լրատվամիջոցների հավաստմամբ, կորուստներ պատճառող հակահարված ստացել: Իսկ անատամ ԵԱՀԿ առաքելությունը երևի ամեն անգմավա նման իր «պլանային դիտարկումը» կատարված է համարել և հանգիստ խղճով տուն գնացել:
 
Որ մահաբեր գրոհներով աշխարհն իրար խառնած իսլամիստները և «Իսլամական պետություն» կոչվող խմբավորումը ասես հարահոսից` անընդհատ սնվում են արդիական հզոր զինատեսակներով՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ: Սակայն մի՞թե հնարավոր է, որ դա արվում է առանց աշխարհի որոշ հզորների գիտության: Որքան էլ Ադրբեջանի իշխանությունները լկտիացած լինեն, նման գործարքներ ինքնուրույն իրականացնել չէին կարողանա:
 
Այստեղ մի ուրիշ հարց էլ է առաջ գալիս. Ադրբեջանին ամենաշատը Ռուսաստանն է զենք մատակարարում՝ առանց պատասխանատվություն զգալու, որ դրանից իր իբր ռազմավարական գործընկերն է տուժում: Բայց Սիրիայում չէ՞ որ ռուսական զինուժը իսլամիստների դեմ է հանդես գալիս, գոնե այդպես հայտարարվում է: Ստացվում է՝ սեփական արտադրության զե՞նքն է ռուսի վրա կրակում: Դե, եթե մահաբեր արտադրանքդ օտարում ես առանց մի լավ կշռադատելու՝ անունը բիզնես դնելով, չպետք է զարմանաս, որ մի օր քեզ է խոցելու…