Գազային գործարք՝ Ֆրանսիա-Չինաստան-Իրան

Գազից զուրկ Եվրոպան իր կարիքները հոգալու համար ստիպված է այդ բարիքով ապահովվածների «դուռը գնալ»: Այն, որ Ադրբեջանի նման այլանդակ պետությունը այսօր Եվրոպայում ազատ գործում է ու միջազգային կառույցներում իր կեղտոտ շահերի համար ամոթալի պատմություններ սարքում, նույնպես գազ ունենալով է բացատրվում:
 
Նավթագազային պաշարներով հարուստ երկիր է նաև Իրանը, սակայն քանի որ վերջին տարիներին Արևմուտքը նրա դեմ պատժամիջոցներ էր կիրառում ատոմային անթույլատրելի ծրագրեր իրականացնելու՝ այդպես էլ չհաստատված մեղադրանքով, զուրկ էր մնում նաև իրանական վառելիքից:
 
Բայց ահա, քանի որ սառույցը կոտրվել է՝ արդեն հայտնում են, որ ֆրանսիական էներգետիկ «Տոտալ» ընկերությունն Իրանի հետ բազմամիլիարդանոց գազային պայմանագիր է կնքել: 
 
Պայմանագիրը նախատեսում է, որ առաջին փուլում «Տոտալը» 1 մլրդ դոլար կներդնի «Հարավային փարս» օֆշորային գազային հանքավայրի մշակման գործում (հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը): Էներգետիկ ընկերության ղեկավարությամբ ստեղծվելու է մի կոնսորցիում, որի կազմի մեջ մտնելու են չինական CNPC-ն՝ բաժնետոմսերի 30%-ով և իրանական Petropars-ը՝ բաժնետոմսերի 19,9%-ով: Վերհսկիչ` 51,1%-ը պատկանելու է ֆրանսիական կողմին: Հաղորդվում է, որ «Տոտալ»-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Պուայենը և Իրանի նավթի նախարար Բիժան Նամադար Զանգանեհը 20 տարվա համաձայնագիր են ստորագրել, որը 4,8 մշրդ դոլարի ներդրում է ենթադրում:
 
Իրանը գազ ունի և աշխարհի հետ իր բազմակողմանի հարաբերությունները կարգավորելու խնդիր: Ու նաև, թերևս, գազ ունեցող այլ երկրների հետ մրցակցելու խնդիր: Մենք էլ գազ չունենք, բայց մեր գլխավոր խնդիրը հենց գազ ունեցող երկրի հետ է: Իրանական գազից, ըստ էության, մենք երկու ակնկալիք ունենք` ապահովել սեփական տնտեսությունը, ապա և նրա հաջող գործարքներով արգելափակված տեսնել ադրբեջանական գազային շահերի արշավը: