Աներես «հարևանի» ու ամուր դռների մասին

Չինաստանի իշխանությունները ԱՄՆ-ի դեմ վճռական բողոք են հայտնել` նախազգուշացնելով Հարավչինական ծովի Սիշա կղզու վիճելի ջրատարածքում ամերիկյան ականակրի հայտնվելու համար: Չինաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ իրենք անմիջապես ռազմանավեր և կործանիչներ են ուղարկել` նավն այդ տարածքից հեռացնելու նպատակով:

- Սիշա կղզիները Չինաստանի բնիկ տարածքն են: ԱՄՆ-ը, քողարկվելով «նավարկման ազատության» դրոշով, հերթական անգամ ռազմական նավ է ուղարկել, որն ինքնակամ մտել է չինական Սիշա կղզիերի ջրատարածք` խախտելով Չինաստանի օրենքները, միջազգային իրավունքի համապատասխան չափանիշները, կոպտորեն ոտնահարելով Չինաստանի ինքնիշխանությունը, այս ջրերում խափանելով խաղաղությունը, անվտանգությունն ու կարգը,-նշել է Չինաստանի ԱԳՆ-ն և ԱՄՆ-ին կոչ է արել նման գործաղությունները դադարեցնել:

Երևում է` ԱՄՆ-ն իրեն այնքան է մոլորակի տերն զգում, որ որևէ մեկի տուն մտնելիս դուռը թակելու անհրաժեշտություն չի տեսնում: Ճիշտ է` ամբողջությամբ կամ մասնակիորեն այդ կղզիներին հավակնում են նաև Վիետնամը, Մալայզիան, Ֆիլիպիններն ու Բրունեյը: Օրեցօր հզորացող Չինաստանը, սակայն, տանտիրոջ դերն է ստանձնել և կարգի հրավիրել Ամերիկային:

Ժողովրդական խոսք կա` տանդ դուռն ամուր փակիր, հարևանիդ գող մի ասա: Իսկ ԱՄՆ-ը, իհարկե, այնպիսի «հարևան» է, որ ամենանեղ ճեղքից անգամ կփորձի ներս խցկվել: Ուրիշի տուն ներխուժելու փորձի մի օրինակ էլ ԱՄՆ նախագահ Թրամփի կոչն է այլ պետությունների` միանալ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներին:

- Բոլոր տարածաշրջանային տերություններին և պատասխանատու պետություններին ԱՄՆ-ը կոչ է անում միանալ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցներին,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա:

(Արդար երկիր ես` Ադրբեջանն ու Թուրքիան պատժամիջոցների տակ առ):