Զինտեխնիկա և զինուժ՝ Սիրիայի սահմանին

ԳՅՈՒԼԵՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Քրդական պետության ստեղծման հեռահար վտանգը հանգիստ չի տալիս Թուրքիային: Սեպտեմբերին Իրաքում տեղի ունենալիք քրդական պետության ստեղծման հանրաքվեից առաջ սրվել են թուրք-քրդական հարաբերությունները:
 
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ քրդական ուժերի և թուրք իշխանությունների միջև ուժգին բախումներ են տեղի ունենում ոչ միայն Թուրքիայի հարավում, այնպես էլ Մերձավոր Արևելքում:
 
Բախումների պատճառով գրեթե ամեն օր երկու կողմից էլ բավական մեծ քանակությամբ զոհեր ու վիրավորներ են լինում: Բախումները հատկապես ուժեղ են Դիարբեքիրում, որտեղ ռազմական գործողությունները Քրդական բանվորական կուսակցության զինյալների ու թուրքական զինվորների միջև է: 
 
- Թուրքական կողմը մեծ քանակությամբ զինտեխնիկա և զինուժ է կուտակել Սիրիայի սահմանին և այնտեղից ամեն օր հրետակոծում է Սիրիայի քրդերի դիրքերը,- ասաց թուրքագետը:
 
Նա հիշեցրեց  Էրդողանի հայտարարությունը, թե չնայած Թուրքիան զոհեր է տալիս, բայց ամեն գնով՝ օգտագործելով զինտեխնիկա և զինուժ, թույլ չի տա ստեղծվի քրդական պետություն, քանի որ դա հակասում է Թուրքիայի ազգային անվտանգությանը: 
 
Այս ամենը, սակայն, չի ընկճել քրդերին: Ըստ վերլուծաբանի՝ Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի ինքնավարության առաջնորդը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հանրաքվեն չի հետաձգվելու:
 
Կարո՞ղ է առանց ԱՄՆ-ի՝ Թուրքիայի դաշնակցի, քրդական պետություն ստեղծվել: Բանախոսի պատասխանը բացասական էր՝ ոչ: Առանց Միացյալ Նահանգների համաձայնության՝ քրդական պետություն չի կարող ստեղծվել, ու կարծես թե Վաշինգտոնը դեմ չէ դրա ստեղծմանը: Հետևաբար, այս ֆոնին հակադրվում են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները:      
                        
Այս ամենին զուգահեռ չի կայունանում Անկարայի ներքին կյանքը: Թուրքագետի խոսքով՝ երկրի ներսում ավելացել են բռնությունները լրագրողների հանդեպ. հիմա այնտեղ անազատության մեջ է 160 լրագրող:
 
Սրանից զատ՝ շարունակվում է գյուլենականների որսը. վերջին վեց ամսում փակվել է գյուլենականների 4000–ից ավելի հաստատություն: