Նախագահ դառնալու համար կրթությունը պարտադիր չէ

Երևում է՝ Թուրքիայի նախագահի պահվածքն այնքան անհամապատասխան է նրա դիրքին, որ «հպատակները» որոշել են պարզել՝ կրթական համապատասխան մակարդակ ունի՞, թե՞ ոչ: Որոշ ժամանակ առաջ լուրեր էին տարածվել, թե Էրդողանի համալսարանական դիպլոմը կեղծ է: Թուրքական biliyomuydun.com կայքը ձեռնամուխ է եղել վերջնականապես պարզելու այդ հարցը: 
 
Էրդողանը ավարտել է Իմամ Հաթիփ կրոնական դպրոցը, իսկ նրա ժամանակ հոգևոր դպրոցի սաները իրավունք ունեին դիմելու համալսարանի միայն աստվածաբանության ֆակուլտետ. այլ բաժիններ նրանց պարզապես չէին ընդունում։ 
 
Էրդողանի կենսագրության մեջ սրա վերաբերյալ նշվել է, թե առևտրային կապերի բաժնի մասին երազելով՝ ջանասիրաբար աշխատել է և մեկ այլ ավագ դպրոցի հավելյալ քննություններ հանձնելով՝ նոր վկայական է ստացել, որի շնորհիվ էլ կարողացել է ընդունվել իր նախընտրած բաժինը։
Կայքի լրագրողին այս տեղեկությունը չի համոզում: Նա վկայակոչում է Էրդողանի դասընկերներին` պնդելով, որ Թուրքիո նախագահը միշտ էլ ցածր առաջադիմություն է ունեցել և կասկած է հայտնում, թե կարո՞ղ էր զուգահեռաբար այլ դպրոցում նույնպես բավարար գնահատականներով քննություններ հանձնել: Մանավանդ՝ արխիվում այլ դպրոցի վկայական ունենալու մասին ոչ մի փաստաթուղթ չկա: Ուրեմն ինչպե՞ս է Էրդողանը կարողացել դիմել Ստամբուլի լավագույն համալսարաններից մեկը: Որովհետև միայն հոգևոր դպրոցի վկայականով Մարմարա համալսարան ընդունվել հնարավոր չէ: 
 
Եզրակացությունը մեկն է՝ Էրդողանի դիպլոմը կեղծ է. նա համալսարան չի ավարտել: 
 
Միայն թե համալսարան ավարտելը Էրդողանի ինչի՞ն էր հարկավոր: Եթե մարդամեջ մտնելու համար դիպլոմը պարտադիր է, միշտ էլ կարելի է այն գնել. կարևորը լավ վճարելն է: Առանց կրթության 21-րդ դարի պետության ղեկավար հո՛ դարձել է, աշխարհի` մի քանի համալսարան ավարտած ղեկավարների հետ է նստում-վեր կենում, հարկ եղած դեպքում նրանց վրա հոխորտում: 
 
Մեկ այլ թուրքական նորաթուխ պետության ղեկավար էլ՝ Իլհամ հեյդարօղլին, հաստատ գիտենք՝ համալսարան ավարտել է: Սակայն բազմաթիվ բարձրաստիճան համակուրսեցներից բացի՝ այլ ձեռքբերում ունեցե՞լ է: Ի դեպ՝ նրա մասին էլ են ասում, թե աչքի է ընկել վատ առաջադիմությամբ, բայց երկրի ղեկավար հայր է ունեցել:   
 
Ահա այսպես՝ երկու թերուս թուրք նախագահները ստով, կաշառքով, քծնանքով, հոխորտանքով, սպառնալիքով աշխարհին ստիպում են իրենց դուդուկի տակ պարել: