Վերջնագիր, որի նպատակը հակասում է բովանդակությանը

Քաթարի շուրջը ծավալվող իրադարձությունները նոր փուլ են մտել, քանի որ արդեն մերժվել է Պարսից ծոցի չորս երկրների պահանջը, որի համար վերջնաժամկետ էր սահմանվել եկող կիրակին: Արաբական 4 երկիր՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Բահրեյնը, Քաթարին 13 պահանջից բաղկացած ցանկ էին ներկայացրել, այդ թվում՝ խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փակել թուրքական ռազմաբազան, խզել բոլոր կապերը «Մուսուլման եղբայրների» հետ, ինչպես նաև փակել «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը:
 
Քաթարը, «Ռոյթերս» գործակալությամբ փոխանցմամբ, պատասխանել է, թե պատրաստ է առկա խնդիրները քննարկել, որպեսզի տարածաշրջանում տիրող ճգնաժամին վերջ տրվի: Սակայն ներկայացված պահանջների ցանկում կան այնպիսիք, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ուրեմն և անհնար է կատարել:   
 
- Մենք չենք կարող «Իսլամական պետության», «Ալ-Քաիդայի» և լիբանանյան «Հեզբոլլահի» հետ կապերը խզել, որովհետև նման կապեր գոյություն չունեն: Ոչ էլ կարող ենք Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին հեռացնել, քանի որ նրանք Քաթարում չեն,-նշվում է Քաթարի արտգործնախարարի հայտարարության մեջ:
 
Ըստ պաշտոնյայի՝ իրենց այլ բան չի մնում, քան եզրակացնել, որ վերջնագրի նպտակը Քաթարի ինքնիշխանությունը ճնշելն է, բայց իրենք ինքնիշխանությունը զիջել մտադիր չեն:
 
Ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքն արդի աշխարհում ցանկացած պետության հետ հարաբերություններ խզելու ամենահարմար պատրվակն է: Նույն պատրվակով (որը, անշուշտ, շատ շոշափելի պատճառներ ունի) վերը նշված չորս պետությունները հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ: Այնուհետև նրանց են միացել նաև Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան: Հորդանանն ու Ջիբութին դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցրել են, իսկ Սենեգալը, Նիգերը և Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին: 
 
Այսպիսով՝ Ծոցի արաբական երկրներից միայն Քուվեյթն ու Օմանն են, որ Քաթարի շրջափակմանը չեն մասնակցում:   
 
Սա նշանակո՞ւմ է արդյոք, թե Քաթարը ստորագրել է իր կործանման դատավճիռը: Իսկ գուցե իր համար կողմնորոշման ու համագործակցության նոր դուռ է բացել: Որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սնունդ է ստանում վերը նշված արաբական բազմաթիվ պետություններից, կասկած չկա: Այնպես որ՝ մեղադրանքը «բռնեցեք գողին» բացականչության կարգի է: Թե ինչով կավարտվի «գողերի» այս մրցավազքը, մոտ ապագայում կերևա: Որովհետև անկասկած է՝ տարածաշրջանում նոր խմորումներ են հասունանում, և դրանց թնդյունը սպասեցնել չի տա: 
 
Մեզ համար, սակայն, մի բան  գագտնիքի քողով ծածկված մնաց:
 
Քաթարի հետ արաբական աշխարհի հարաբերությունների վատթարացումից մի քանի օր անց այնտեղ այցելեց Հայաստանի արտգործնախարարը: Չմոռանանք՝ մինչ այդ մեր երկու պետությունների միջև կարևոր փաստաթղթեր էին ստորագրվել: Ո՞վ չգիտի, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները չեն կարող Հայաստանը շրջանցել: Իսկ դրաց պատրաստվել անպայման անհրաժեշտ է: Թե ինչպես՝ պետք է որ մեր իշխանությունները կարողանան ճիշտ կողմնորոշվել…