Դրախտի մուտքի մոտ անցակե՞տ է գործում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր գրոհայիններին խրախուսելու շատ «գործուն» միջոց է գտել: Քանի որ ԻՊ հետ համագործակցությունն ուղիղ ճանապարհ է դեպի հանդերձյալ աշխարհ, մահն իրենց գործունեության հիմքում դրած մոլեռանդներին նախօրոք դրախտի անձնագիր են տրամադրում: Դրանք նախատեսված են հատկապես մահապարտ ահաբեկիչների համար, ովքեր ստույգ մահվան են գնում միայն նրա համար, որպեսզի կյանքից զրկեն որոշակի թվով «անհավատների»:  
 
Այդ անձնագրերի նմուշներն օրերս հայտնաբերվել են Ռաքքան ազատագրելու համար ընթացող գործողությունների ժամանակ (հաղորդել է «Դեյլի մեյլը»): Դրանք կանաչով և ոսկեգույնով համադրված բարձրորակ բացիկներ են, որոնց վրա Ղուրանից արաբերենով և անգլերենով  հատվածներ են տպագրված: (Դուրս է գալիս՝ անհավատի լեզվով կարելի է Ղուրան կարդալ, բայց այդ լեզվի կրողներին պարտավոր են սպանել: Որովհետև որքան էլ անգլերենն այսօր միջազգային լեզու է, նրա հիմնական կրողները քրիստոնյա անգլիացիներն են): Այդ «փաստաթղթերի» շապիկին հենց այդպես էլ նշված է՝ դրախտի անձնագիր, որոնք, սակայն, անձնական տեղեկություններ չեն պարունակում:
 
Հենց այստեղ է, որ դրանց հեղինակները վրիպել են: Ախր եթե հատուկ նշված չէ, որ փաստաթուղթն այսինչ անձին է դրախտ գործուղում, ի՞նչ երաշխիք կա, որ դրախտի այդ ուղեգրերը չեն ընկնի զոհերի ձեռքը՝ նրանց համար երաշխավորված տեղ ապահովելով իսլամիստների երազած դրախտում: Իսկ անձնագիր չունեցող իսլամիստը կգնա դժոխք՝ բոլորի փոխարեն հավերժորեն հատուցելու նախճիրի ու ավերածությունների մեղքերը…
 
Զարմանալի, բայց և միաժամանակ օրինաչափ է թվում, որ 21-րդ դարի մարդու ուղեղը հնարավոր է այս աստիճանի լվանալ և նրան մի անզգա ու անկարեկից գործիք դարձնել, ապա և երեխայի նման խաբել քաղցր կոնֆետների սին հույսերով: