Այս մեծամոլությունը մարդկանց ո՞ւր կհասցնի

Մեծամոլությունը դարձել է մեր դարաշրջանի հիվանդությունը: Վարկանիշային աղյուսակների «թոփ տասնյակում» տեղ գտնելու մարմա՞ջն է պատճառը, թե՞ խոշորությամբ բոլորին զարմացնելու, իսկ գուցե նաև վախեցնելու ցանկությունը, մարդիկ սկսել են կառուցել աշխարհի կամ տարածաշրջանի ամենամեծ… ասենք՝ հավատքի տաճարը, հյուրանոցը, դղյակը, դեսպանատունը… Ասես իրենց երևակայում են աստված, ով կարող է իրեն ենթարկել շինարարական ծախսերը, մարդկային աշխատուժը, հողի նկատմամբ իրավունքը, ամբոխի հիացմունքը… 
 
Հիմա էլ Ղրղզստանի մայրաքաղաքում կառուցվել է Միջին Ասիայի ամենամեծ մզկիթը: 7500 մ2 փակ տարածք ունեցող մզկիթում (հարակից տարածքը ներառյալ) կարող են միաժամանակ 20 000 հավատացյալներ աղոթել: (Ի՞նչ խոսք՝ եթե այսքան անկեղծ հավատացյալ միահամուռ ուժերով առ Աստված աղոթք հղի, գուցե վերին ոլորտներում դրական արձագանք գտնի: Այս դեպքում արդեն շատ կարևոր է, որ այդ միահամուռ աղոթքը աստվածուրաց բովանդակություն չունենա):
 
Մզկիթի մինարեների բարձրությունը 70 մետր է հասնում: Հարյուրավոր տարիներ իր գաղափարախոսությունը չթարմացրած կրոնի հետևորդները, սակայն, չեն մոռացել տեխնիկական առաջընթացը՝ մզկիթին կից 500 ավտոմեքենայի համար ավտոկայանատեղի է կառուցվել: Իսկ շինությունը   կառուցվել է Անկարայի Քոջաթեփե շրջանի մզկիթի օրինակով: 
 
Կասկած չկա, որ միջինասիական մյուս երկրներն արդեն նախանձով են նայում եղբայր ղրղզներին ու ավելի մեծ մզկիթներ կառուցելու ծրագրեր են մտմտում: Միայն թե մեծամոլությամբ տառապողները մեկ բան հաշվի չեն առնում՝ մեր մոլորակը գուցե իրենց համար փոքր գա, ու վերջում հսկայածավալ կառույցներն սկսեն իրար նեղել: Ախր մարդկության «տառապանքն» արդեն փորձ ունի՝ չէ՞ որ Բարձրյալը չհանդուրժեց Բաբելոնի աշտարակի շինարարությունը, որի բարձրությամբ մարդիկ փորձում էին երկինքը նվաճել: Այն ժամանակ հասարակության անդամները, որպես պատիժ, դադարեցին հասկանալ մեկմեկու լեզուն: Դրա պտուղները մարդկությունը միչև այսօր քաղում է՝ իրար չեն հասկանում, եթե անգամ նույն լեզվով են մտքերն արտահայտում: 
 
Միայն Աստված գիտի, թե մերօրյա մեծամոլությո՞ւնն ինչ պատժով կնշանավորվի: