Էրդողանին Եվրոպայում նե՞ղն են գցել

ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ՝ ԱՎԵԼԻ ՈՒՇ

Թուրքիայի նախագահ Էրդողանի դիմակը որոշ չափով պատռել է Գերմանիայի կանցլերի թեկնածու և Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը: Սուլթանացուին կոչ անելով արձակել Թուրքիայում ազատությունից զրկված լրագրողներին՝ նա միաժամանակ նշել է, թե իր երկրում քաղաքացիներին ազատություն տալուց հրաժարվող Էրդողանը նման բան Եվրոպայից է պահանջում: 
 
Դրանից առաջ էլ Շուլցը Թուրքիայի իշխանություններին քննադատել էր, իսկ Էրդողանին առաջարկել էր հետ կանգնել ընտրած ճանապարհից և բռնել Եվրոպայի մեկնած ձեռքը, որը ցանկանում է աջակցել Թուրքիայում ժողովրդավարությունն ամրապնդելու գործին: 
Եվրախորհրդարանի դատին է հանձնվել մի զեկույց, որն ընդունվել է ձայների 110 կողմ և 15 դեմ հարաբերակցությամբ որը Թուրքիայից պահանջում է ազատել ահաբեկչական գործողությունների մասնակցելու մեղադրանքով ձերբակալված լրագրողներին: Զեկույցում այլ պահանջ էլ կա՝ վերանայել հանրահայտ 301 հոդվածը, որը պատիժ է սահմանում «թրքությունը վիրավորելու» համար, ու նաև փոփոխություններ մտցնել «նախագահին վիրավերելու» վերաբերյալ օրենքում: Զեկույցում չեն մոռացվել նաև համացանցային հրապարակումների համար մեղադրանքները և պետական հեռուստաալիքի նկատմամբ վերահսկողությունը:
 
Այո, երևում է՝ Եվրախորհրդարանում Թուրքիայի բարեկամները քչացել են: 
Այն էլ է ուշագրավ, որ Էրդողանը խոստացել է Եվրոպա մեկնելիս ԱՄՆ-ում ծեծուջարդ կազմակերպած իր թիկնապահներին հետը չվերցնել:
 
Այս զեկույցում Էրդողանի համար ամենաանընդունելի պահանջը, թերևս, «թրքությունը վիրավորելու» մասին հոդվածի վերանայումն է: Թուրքիայի բանտերում տխրահռչակ 301 հոդվածով այնքա՜ն մարդ է դատապարտվել, հո չեն կարող բոլորին ազատել ու բանտերը անգործության մատնել: Շուլցի խոսքն այստեղ էլ է սազական՝ իր երկրում թուրքից բացի ուրիշ ազգ չճանաչող ու նրա հասցեին որևէ վիրավորանք չհանդուրժող Էրդողանը (Թուրքիայի իշխանությունները) իրեն իրավունք է վերապահում՝ դրսում ում ասես վիրավորել ու իր ազգակիցներին կոչ անել՝ աշխարհով մեկ տարածվել, շատանալ, ուրիշ երկրներ նվաճել:
 
Եթե մոլորակի ազգերն ու ժողովուրդները թուրքից օրինակ վերցնելով՝ 301 հոդվածի կարգի մի օրենք ընդունած լինեին, հիմա քանի՞ թուրք աշխարհի բանտերում փակված կլիներ:
 
Թեև… մյուս ազգերի ինչի՞ն է հարկավոր ազգային ինքնությունը վիրավորելու վերաբերյալ հոդվածը: Չէ՞ որ ոսկուն ժանգ չի կպչում: Նման օրենքներ հնարում են այն ազգերը, որոնց ժանգն արդեն ուտում է…