Մենք ահաբեկիչներ չենք, իսկ բնությունն իր գործը գիտի

Երևում է` բնությունը վճռել է որոշ հարցեր իր միջոցներով լուծել: Մինգեչաուրում տեղացած առատ անձրևներն ու քամին մեծ վնասներ են հասցրել: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ավելի քան 100 տուն է ջրի տակ մնացել, մեծաքանակ ընտանի կենդանիների անկում է եղել, բնակավայրերի ճանապարհներն անանցանելի են դարձել: Որպես պատճառներ են մատնանշվել ջրահեռացման համակարգի կառուցման սխալները և հեղեղատները ժամանակին չմաքրելը:

ժամանակ, երբ թշնամին սահմաններին շատ է աշխուժանում, Հայաստանից ձայներ են հնչում, թե Ադրբեջանի ջրամբարները քանդելով` նրան մեծ վնաս կհասցվի: Իհարկե, դրանք թերևս հայերի ձեռքին խաղաթղթեր են, որից մեզ իր ոխերիմ թշնամին հռչակած կողմը, անշուշտ, վախենում է, սակայն մերոնք խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգություններ չեն անում: Ինչպես Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էր օրերս արտահայտվել՝ հայկական կողմը ահաբեկիչ չէ:

 
Մինչ Ադրբեջանը միջազգային կառույցներում իր կաշառած օտարերկրյա գործիչների միջոցով բանաձևեր է անցկացնում, որոնցով փորձում է օրինակ Սարսանգի ջրամբարի հարցերն իր օգտին վճռել, իր վերահսկողության տակ գտնվող Մինգեչաուրում բնությունն է տնօրինում: Ամենազոր կաշառատուները գուցե արդեն ուղիներ են փնտրում, թե նրան ինչպես կաշառեն ու ջրհեղեղները մեր կողմի վրա ուղղեն: Միայն թե այդքան վերև թռչել կարո՞ղ են արդյոք: Մանավանդ որ` միջազգային կառույցներում էլ արդեն կաշառատվության թելի ծայրը բռնել են ու բարձրաձայնում են…