Իրանի պատասխանն ահաբեկիչներին

Իրանն անպատասխան չի թողել հունիսի 7-ին մայրաքաղաք Թեհրանում ահաբեկիչների իրականացրած գործողությունները: Սիրիայի տարածքում իրանական զինուժը հարվածներ է հասցրել Իսլամական պետության հենակետերին: Իրանական «IRNA» գործակալությունը հաղորդել է, որ ահաբեկիչների՝ Դեր զորի շրջանում տեղակայված հենակետերի ուղղությամբ միջին հեռահարության վեց բալիստիկ հրթիռ է արձակվել, որոնք հատել են Իրաքի օդային տարածքը և բարձր ճշգրտությամբ հարվածել թիրախներին: 
 
Սրա վերաբերյալ հայտարարություն է արել ԻԻՀ արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նա ասել է, որ Իրանի հրթիռային հզորությունը միայն իր քաղաքացիներին չէ, որ պաշտպանում է, այլ նաև նպաստում է ԻՊ ահաբեկչական խմբավուրումն արմատախիլ անելու համաշխարհային պայքարին:
 
Ինչպես փորձն է ցույց տալիս, Իրանը խոսքը քամուն տվողներից չէ, ոչ էլ սին պարծենկոտության հակումներ է դրսևորել: Եթե ասում է, որ ճշգրիտ թիրախներ է խոցել, հավանաբար իրոք ահաբեկիչներին նշանակալի վնասներ է հասցրել: Միայն թե հենց վերջերս քաղաքագետները մտահոգություն էին հայտնում, որ մոլորակի գլխին պատուհաս դարձած ԻՊ խմբավորումը Սաուդյան Արաբիայից անընդհատ զենքով է ապահովվում:
 
Աշխարհը, իհարկե, դեռևս չի մոռացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը արաբական այդ երկիր և մեծաքանակ զենքի գործարքը: Ստացվում է, որ ամերիկյան զենքը ուղիղ գծով հայտնվում է ահաբեկիչների ձեռքին: Եվ ուրեմն, ԻՊ-ն վնասազերծել փորձող Իրանն ու այդ խնդրով իրապես մտահոգ մյուս պետությունները ի՞նչ արդյունավետությամբ պետք է ահաբեկիչների հենակետերը ոչնչացնեն, որպեսզի նրանք զգալիորեն թուլանան: Թե՞ որպես թիրախ պետք է ընտրվեն զենքի մատակարարները… Մինչդեռ դա արդեն միջազգային հարաբերություններում պայթյունավտանգ նոր իրավիճակ կստեղծի: 
 
Դրա ելքը դեռևս թանձր վարագույրով է ծածկված: Մեկ բան, սակայն, շատ հստակ է երևում՝ մեր մոլորակի վրա շարունակվելու են մոլեգնել ահաբեկչական գործողությունները՝ պատճառելով բազմաթիվ զոհեր, ահռելի կորուստներ, անուղղելի վնասներ: