Կարոտի երգեր` մարսյան հեռուներից

Իսկ գուցե Մարսի երբեմնի բնակելի լինելը բնավ էլ առասպել չէ: Հայերս նրան Հրատ ենք կոչել, որը կարելի է հասկանալ հրից՝ կրակից զուրկ, այսինքն՝ մեռած: Իսկ մեռնելու համար նախ ապրել է հարկավոր:

Ամերիկյան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը` ՆԱՍԱ-ն, իր ստեղծած մարդ-ռոբոտի տեխնիկական հնրավորություններն է ցուցադրել: «Վալկիրիա» անունն ստացած մարդակերպ սարքը նախատեսված է  Մարս մոլորակ ուղարկելու համար:

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ռոբոտը հաղթահարում իրարից հեռու դրված սալիկներով կարճ ուղին՝ ոտքերն զգուշությամբ տեղադրելով հերթական սալիկին և ուրիշ կողմի վրա չշեղվելով: Հաղորդվում է, որ մարմնի տարբեր մասերում տեղադրված 20 սենսորները ռոբոտին տվյալներ են հաղորդում շրջապատող միջավայրի մասին և նրան հնարավորություն տալիս անսխալ կողմնորոշվել՝ ընտրելով մակերևույթի առավել հարմարավետ հատվածը: Սարքն ստեղծողները մտածում են, որ այն Մարսի վրա կարող է օգնել մոլորակը նվաճելու համար այնտեղ ժամանած մարդկանց:
Կարծքիներ կան, թե միլիոնավոր տարիներ առաջ Մարսը բնակեցված է եղել, սակայն հետագայում զրկվելով մթնոլորտից՝ դարձել է ամայի: Իսկ այնտեղից փրկվածները յուրացրել և բնակություն են հաստատել Երկրում: Թերևս գլխավոր պատճառը դա է, որ մարդիկ առաջին հերթին Մարսը յուրացնելու մասին են խոսում, վեպեր գրում, ֆիլմեր նկարահանում:

Գերհզորները երևի հույս ունեն, որ երբ իրենց ողորմածությամբ Երկիրը բնակության համար պիտանի չի լինի, իրենք «կվերադառնան» Մարս և նոր կյանք կսկսեն: Իսկ այդ նպատակի համար նման ռոբոտներն ուղղակի անգնահատելի օգնականներ կլինեն: Դե, երևի ռոբոտ ստեղծողները հույս ունեն նաև վերականգնել Մարսի մագնիսական դաշտը, դրա հետ էլ՝ մթնոլորտը: Չէ՞ որ տեխնիկական միջոցները մեծագույն արագությամբ են զարգանում: Հետո էլ մարսյան հեռվից կնայեն պատերազմներից ու արդյունաբերական թափոններից անբնակ դարձած երկրին ու կարոտի երգեր կմրմնջան…