Լոնդոնյան «աշտարակի» հրդեհը մեզ համար դաս կլինի՞

Երեկվա օրը հերթական գույժով բացվեց՝ Լոնդոնում 27-հարկանի բնակելի շենք է վառվում՝ Grenfell Tower-ը, իսկ բնակիչներից շատերն այնտեղից դուրս գալ չեն կարողանում: Օրվա վերջին արդեն խոսվում էր 12 զոհի, 50-ից ավելի վիրավորների և բազմաթիվ անհետ կորածների մասին: Հրդեհը ոչնչացրել է շենքի 24 հարկերը՝ խնայելով միայն առաջին երեք հարկը: Հրդեհի պատճառների վերաբերյալ առայժմ հստակ ոչինչ չի ասվում. օրինակ նշվում է, թե տներից մեկում գիշերը սառնարան է պայթել:

Ամենատարօրինակն այն է, որ երբ բնակիչները հասկացել են, որ շենքը վառվում է, ինչ-որ տեղից հրահանգ է եկել՝ փակվել բնակարաններում և դուրս գալու փորձ չանել:

Բոցերի մեջ ճարճատող 27-հարկանի շենքից մի կերպ դուրս պրծնելու համար մարդիկ ինչերի ասես, որ չեն դիմել, փորձել են սավաններով ցած իջնել կամ ուղղակի պատշգամբներից դուրս են նետվել: Հատկապես խոշոր քաղաքներում քանի՞ այսպիսի շենքեր կան, որոնք նույնպես կարող են բնակիչներին նման անելանելի վիճակի մեջ գցել: Ի՞նչ է մտածում այսօրվա մարդը, երբ նման անհեթեթ երկնաքերներ է կառուցում ու հարյուրավոր մարդկանց այնտեղ ապրելու տեղ տալիս…

Բնականաբար՝ Լոնդոնի հրդեհից մենք նույնպես կարող ենք դասեր քաղել: Այսօրվա Երևանն այնքա˜ն խոցելի է քաղաքաշինության տեսանկյունից: Բացի այն, որ գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերի շինարարական չափանիշները խախտվել են բնակիչների՝ վերափոխման տենդի պատճառով, դեռ բակերն ու մերձակա տարածքներն այնպես են «լցոնվել» ամենատարբեր շենք-շինություններով, որ աղետի ժամանակ հրշեջ կամ ու շտապօգնության մեքենա չէ, մարդ էլ չի կարողանա անցնել, որպեսզի մեկին օգնի: Էլ չասած, որ օրինակ հրդեհ սկսվելու պարագայում կրակը մեծագույն արագությամբ մեկից մյուսին կփոխանցվի:

Վերջերս «խրուշչովյան» կոչվող շենքերի մասին մի ուշագրավ հրապարակում էր տարածվել: Ներսում նեղվածք լինելով՝ այդ շենքերն իրարից նշանակալի հեռավորության վրա էին տեղադրված: «Էին», որովհետև հնարամիտ երևանցիներն (մնացած քաղաքներն էլ՝ իրենց հերթին) արդեն հասցրել են այդ արանքները լցնել, օրինակ, 18-հարկանի շենքերով: Ըստ էության՝ շենքերի միջև եղած հեռավորությունը նպատակ է ունեցել կանխել դրացից մեկին պատուհասած աղետի տարածումը:

Մենք երկրաշարժի գոտում ենք ապրում և արդեն 25 տարի՝ կիսապատերազմական իրադրության մեջ ենք: Բայց մերօրյա երկնաքերերը 60-70 տարվա շենքերի արանքները խցկողներն ու դրանցից շահույթ ակնկալողներն ի վիճակի՞ են երևակայություններին զոռ տալ, որպեսզի պատկերացնեն ավերածությունների ու կորուստների ահռելիությունը:

Լոնդոնյան ողբերգությունը թարմ օրինակ է, որպեսզի ամեն մարդ իրեն հաշիվ տա, թե նման իրավիճակներից նվազագույն վնասներով դուրս գալու համար ի՞նչ է հնարավոր անել: Թե չէ՝ Սպիտակի երկրաշարժը, երևում է, արդեն սկսել է ջնջվել այս վիճակի պատասխանատուների հիշողությունից: