Բելգիան իր «ցավին» դարման է գտել

Փախստականների ու ներգաղթյալների ձեռքից կրակն են ընկել Եվրոպան ու Ամերիկան և փորձում են ամեն կերպ նրանց մուտքը սահմանափակել: Արևմուտքի մտահոգությունները, բնականաբար, տեղին են, մանավանդ օրեցօր ահագնացող ահաբեկչությունների համապատկերին: Բայց չէ՞ որ փախստականներն էլ լավ օրից չեն հայտնվել նրանց դռներին: Ովքե՞ր են պատերազմների թատերաբեմեր դարձրել նրանց հայրենիքները կամ նախկին բնակության վայրերը, ովքե՞ր են նրանց հարստահարել, իրավազրկել, թալանել:

Եվրոպական մի քանի պետություն շատերի համար երկրային դրախտի համբավ ունեն, և բազմաթիվ մարդիկ ձգտում են դրանցում մշտական բնակություն հաստատել: Տարբեր պատճառներով չկարողանալով բարեկեցիկ կյանքի ու իրավունքների պաշտպանվածության արժանանալ սեփական պետություններում՝ նրանք գալիս են վայելելու ուրիշները ստեղծածը: Վերջին հարյուրամյակում ինչքա՞ն է փոխվել մեր մոլորակի ժողովրդագրական «դեմքը» ու դեռ ի՞նչ արգությամբ օրեցօր նոր գծեր է ձեռք բերում:

«Երկրային դրախտի» թեկնածուներից մեկը, անկասկած, Բելգիան է, և երևում է՝ օտարների ներհոսքից այնտեղ արդեն հոգնել են: Հայտնի է դարձել, որ 2017թ. ընթացքում փախստականի կարգավիճակի համար բելգիական իշխանություններին դիմած անձանցից չորսից երեքին (74,4 տոկոսին) ուղղակի մերժել են: Փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց գործերի գլխավոր կոմիսարիատը, դրա ներկայացուցչի խոսքով` հավասարակշռված մոտեցում է կիրառում՝ կանխելով չհիմնավորված խնդրագրերը, չարաշահումները և ընթացակարգային քաշքշուկները: Իսկ ահա 2016թ. Բելգիայի իշխանությունները փախստականի կարգավիճակ են տրամադրել ավելի քան 14 հազար խնդրատուի:

Մարդկությունը, այո, մի ամբողջական օրգանիզմ է, ու նրա գրեթե բոլոր օրգաններն այսօր հիվանդ են: Հզորները փորձում են այդ «հիվանդությունները» վիրահատական (այսինքն՝ պատերազմի) ճանապարհով բուժել՝ չհասկանալով, որ ամենայն հավանականությամբ «հիվանդը» սեղանին կմնա: Իսկ «հիվանդություններն» առայժմ թափով զարգանում են: Բելգիան իր բաժին «ցավը» բուժելու այդ ճանապարհն է գտել: Բայց նման «դեղամիջոցը» չի՞ ախտահարի արդյոք հարակից օրգանները…