Գրաքննությունն է′լ ինչպես է լինում

Ամերիկան, երևում է, Դոնալդ Թրամփի ընտրվելու փաստից դեռևս ուշքի չի եկել, և 45-րդ նախագահի դեմ ինչեր ասես, որ չեն ձեռնարկվում: Այժմ էլ մեկ նահանգային (Մերիլենդի) և մեկ շրջանային (Կոլումբիայի) գլխավոր դատախազներ մտադիր են նրան դատի տալ: Մեղադրանքը լինելու է ԱՄՆ նախագահի պաշտոնին անցնելուց հետո Սահմանադրության հակակոռուպցիոն հոդվածները խախտելը և «օտարերկրյա կառավարություններից միլիոններ ստանալը»:

Նախագահին մեղադրում են, որ պաշտոնի անցնելուց հետո էլ սեփական բիզնեսի կառավարումը չի թողել: Մասնավորապես հայտարարում են, թե իր ընկերության ֆինանսական վիճակի մասին նախագահը պարբերաբար զեկույցներ է ստանում: Գլխավոր դատախազներին, ըստ «Վաշինգթոն փոսթի», ավելի շատ մտահոգում է Սպիտակ տան մոտակայքում անցած տարի բացված նրա «Թրամփ ինթերնեյշնլ հոթել» հյուրանոցի գործունեությունը: Այնտեղ միջցառումներ է անցկացրել Քուվեյթի դեսպանատունը: Թրամփի երդմնակալությունից հետո Սաուդյան Արաբիան նույնպես մի քանի անգամ հյուրանոցում համարներ է ամրագրել:

Եթե դաշնային դատավորն այս հայցը ընդունի, դատախազները մտադիր են առաջին հերթին պահանջել, որ բացահայտվի Թրամփի հարկային հայտարարագիրը՝ նրա օտարերկրյա գործարքների ծավալները պարզելու համար:

Իսկ ահա մեկ այլ նախաձեռնություն նպատակ ունի Թրամփին սատարել: «Հուլիոս կեսար» ներկայացման ֆինանսավորումը դադարեցվել է միայն այն պատճառով, որ գլխավոր հերոսը Թրամփին շատ է նման: Հերոսները բեմ են բարձրանում արդիական հանդերձանքով, իսկ վերջին տեսարանում բեմադրվել է Կեսարի մահը` դանակի բազմաթիվ հարվածներից:  «Դելտա էյըր լայնս» ընկերությունը և Ամերիկյան բանկը նման մեկնաբանությունը, անկախ քաղաքական հայացքներից, վատ ճաշակի նշան են որակել և ֆինանսավորումը դադարեցրել:

Հետո էլ ասում են՝ Ամերիկայում խոսքի ազատություն է, գրաքննադատություն չկա… Թեև` երբեմն գրաքննությունն ուղղակի ծայրահեղ անհրաժեշտություն է թվում:

Ահա ԱՄՆ-ի մի նախագահ, ում անունը կապում են կոռուպցիայի և գրաքննության հետ: Սակայն սա չի խանգարում, որ ամբողջ աշխարհից պահանջեն կոռուպցիայի դեմ զանազան օրենքներ ու գործողություններ նախաձեռնել, իսկ իրենց պետություններում գործող լրատվամիջոցներին ու ցանկացած քաղաքացու հնարավորություն տան, որ անգամ բացահայտ զրպարտությունը մարսեն: