Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրենը՝ Ռուսաստանի և Թրամփի մասին

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՌԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ

Երեկ՝ հունիսի 8-ին, ԱՄՆ Կոնգրեսում ցուցմունքներ է տվել Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին: Նա հեռացվել է իր պաշտոնից մեկ ամիս առաջ նախագահ Թրամփի կողմից: Կասկածներ են առաջացել, որ այդ  որոշումը կապված էր ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետաքննության հետ, որը վարում էր բյուրոն:
 
CNN-ի նյութերի հիման վրա JAMnews-ը ներկայացրել է, թե ինչ է հայտնի դարձել Ջեյմս Կոմիի ցուցմունքներից.
 
– ՀԴԲ-ն կասկածներ չուներ, որ Ռուսաստանը փորձել է կիբերհարձակումներ կազմակերպել ավելի քան հարյուր ամերիկյան կազմակերպությունների դեմ: Դա տեղի է ունեցել վերջին երկու տարվա ընթացքում ռուսական ղեկավարության իմացությամբ:
 
– Նախագահ Թրամփն ուղղակի ցուցումներ չէր տալիս, սակայն «հույս էր հայտնում», որ ՀԴԲ-ն կդադարեցնի ազգային անվտանգության գծով նախագահի նախկին օգնական Ֆլինի հանդեպ հետաքննությունը ռուս պաշտոնյաների հետ նրա կապերի վերաբերյալ:
 
– Ջեյմս Կոմին ուղղակիորեն մեղադրել է նախագահ Թրամփին փաստերի խեղաթյուրման համար՝ վերջինիս հայտարարությունները ՀԴԲ ղեկավարի պաշտոնից հեռացնելու մասին անվանելով «ուղիղ սուտ»:
 
Ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է: Այն վարում է Սենատի հետախուզության կոմիտեն և հատուկ դատախազը՝ արդարադատության նախարարությունից: