Տիկին Էրդողանը՝ հերոսության ու հայրենասիրության գաղափարախոս

Մեկ տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ամենաշատ hետապնդվողը, իհարկե, ազատ խոսքն է, ավելի ճիշտ՝ ճշմարտությունը վեր հանող խոսքը: Ճշմարտությանը պատերազմ հայտատարողները ամենաշատը գրքից են վախենում: Պատահական չէ, որ նվաճողական արշավներով Հայաստան ոտք դրած քաղաքակիրթ ու վայրի հրոսակները առաջին հերթին մեր գրքերն էին այրում կամ գերեվարում: Հիտլերը որքա˜ն գրքեր խարույկի հանեց՝ իր կործանարար գաղափարների համար տեղ բացելու նպատակով…
 
Այնպես որ՝ Թուրքիայում գրահրատարակչությանը հայտարարված պատերազմը բնավ է Էրդողանի գյուտը չէ: Այնտեղ մեկ տարում 30 խոշոր գրահրատարակչություն է փակվել, հիմնականում՝ քրդամետ, ձախակողմյան ու ընդդիմադիր թեմաներով գրքեր ու ամսագրեր հրատարակողները: Այսօրվա Թուրքիային նայելով և նրա անցյալը հիշելով՝ սա բնավ էլ շատ չի թվում…
 
Փոխարենը ռազմական հեղաշրջման փորձը հաջողությամբ ձախողած Էրդողանի տիկինը փորձել է իրեն ցանկալի ճշմարտությունը փաթափել թուրք երիտասարդների վզին: Նա հայտարարել է՝ թուրք երիտասարդները գիտեն, թե ինչ է նշանակում մեռնել հանուն հայրենիքի: Նա շեշտել է, թե ազգային այդ ինքնագիտակցության զարթոնքի համար նոր սկիզբ դարձավ հեղաշրջման փորձը: 
 
- Նախկինում շատերը մտածում էին, որ մեր երիտասարդների հերոսություններն ավարտվել են Մանազկերտում, Գալիպոլիում: Սակայն հուլիսի 15-ին «հայրենիք» բառը նորից թևեր առավ ու մտավ մեր սիրտը: Այս երկրի երիտասարդներն արդեն վստահաբար գիտեն, թե ինչ է նշանակում մեռնել հանուն հայրենիքի: 
 
Թույլ հիշողություն ունենալով՝ տիկինը մոռացել է նշել, որ այն ժամանակ ամբողջ թուրք ազգը «հերոսություն» բառի տակ հասկանում էր ծծկեր երեխաներին սրախողխող անելը և անպաշտպան մնացած բնակավայրերը թալանելը: Հարյուր տարի հետո մի՞թե բան է փոխվել: Իսկ թե «հայրենիք» ասելով՝  ինչ է հասկանում քոչվորների հետնորդը, դա հասկանալը նույնպես բարդ չէ: Ինչքան իր «սուլթան» ամուսինը կարողանա նվաճել ու պահել, դա էլ նրա հայրենիքն է, իսկ թուրք երիտասարդները անհրաժեշտ են, որ այդ նվաճումն իր համար կյանքով պաշտպանեն: 
 
Թուրքիայի առաջին տիկնոջ այս հայրենասիրական զեղումը, ասում են, այնքան էլ չի հուզել դրա հասցեատերեի սիրտը: Սոցիալական ցանցերում հրապարակումներ են երևացել, որոնք Էմինե Էրդողանին հարց են ուղղում, թե նրա որդին նո՞ւյնպես այդ հերոսների ցուցակում է: Սոցցանցային այս գրառումներն էլ վկայում են, որ արդի աշխարհում ճշմարիտ խոսքն արգելելու համար գրահրատարակչությունները փակելը բավարար միջոց չէ…