Հարկավոր է չարիքն արմատից կտրել

Հերթական ահաբեկության մասին լուրը աշխարհի բոլոր լրատվամիջոցները տարածում են և առաջ անցնում այնպիսի անտարբերությամբ, ասես խոսքը մի նոր գործարան բացելու կամ որևէ խմբի հյուրախաղերի մասին է: Յուրաքանչյուրը մտածում, է, թե լավ է՝ այս անգամ վտանգն իրենից հեռու է մնացել: Միայն թե օղակը գնալով սեղմվում է, տագնապի մակարդակն էլ՝ բարձրանում: Լոնդոնում կրկնվող ահաբեկությունները, այն էլ միևնույն ձեռագրով, բրիտանական հանրահայտ Սքոթլանդ Յարդին ստիպել են լրջորեն գործի կպչել: Արդեն 12 մարդու ձերբակալել են: 
 
Անգլիական ոստիկանական վարչության շտաբ-բնակարանի ղեկավար Քրեսիդա Դիքը հայտարարել է, որ վերջին ահաբեկչական գործողությունները երկրի ներսում են կազմակերպվել, սակայն դրանում,  անկասկած, առկա է նաև արտասահմանյան բաղադրիչը: Նա նաև հավելել է, թե նոր ահաբեկություն թույլ չտալու համար բոլոր ոստիկաններին զինելու անհրաժեշտություն չկա: 
 
Մեծ Բրիտանիայից ահռելի տարածությամբ բաժանված և ըստ էության թշնամի համարվող Իրանում նույնպես անդարադարձ է եղել լոնդոնյան ողբերգական իրադարձություններին: Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին ասել է, թե կատարվածը համաշխարհային հանրության համար տագնապի ազդանշան է:  
 
- Որպեսզի ահաբեկչությունն արմատախիլ արվի, հարկավոր է, որ արևմտյան պետություններն ուշադրություն դարձնեն դրա խորքային պատճառներին, ինչպես նաև ծայրահեղականությունն ու բռնությունը ֆինանսավորող, դրա գաղափարախոսությունը տարածող հիմնական աղբյուրներին, որոնք առանց այդ էլ բոլորին հասկանալի են,-իրանցի պաշտոնյայի խոսքն է մեջբերել «Ինդեփենդենթը»: 
 
Լրատվամիջոցը պարզաբանել է, որ Թեհրանը զինյալներին գաղափարախոսական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու գործում մեղավոր է համարում Սաուդյան Արաբիային:
 
Սքոդլանդ Յարդը գուցե կարողանա իր երկրում մեկ-երկու ահաբեկություն կանխել, սակայն դժվար թե ի զորու լինի ծանրակշիռ արդյունքների հասնել, եթե նրա երկրի իշխանությունները, մնացած ամբողջ աշխարհի հետ համագործակցելով, չսկսի իրանցի պաշտոնյայի նշած՝ արմատախիլ անելու գործընթացը: