Ուռա-հայրենասիրությո՞ւն, թե՞ իրական մտահոգություն

Երեկվանից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ է մտել մի օրենք, որի համաձայն օտար երկրներում վարարոդական իրավունք ձեռք բերած անձինք ՌԴ-ում վարորդ աշխատել չեն կարող: Գործատուները պարտավոր կլինեն հետևել օրենքի կատարմանը, և եթե ծառայողական ավտոմեքենան ռուսական վարորդական իրավունք չունեցող մեկը վարի, նրան այդ աշխատանքը վստահողին կտուգանեն 50 հազար ռուբլով:

Իսկ Ռուսաստանում վարորդական  իրավունք ստանալու համար հարկավոր է մեկ տեսական և երկու գործնական քննություն հանձնել:
Պետդումայի տրանսպորտի հարցերով հանձնաժողովի հաշվարկով՝ հունիսի 1-ից ծառայողական փոխադրամիջոցներ վարելու իրավունքից կզրկվի ավելի քան 70 հազար վարորդ:

Ճանապարհատրանսպորտային պատահարների առատության մեր ժամանակներում զգուշությունը, իհարկե, շատ կարևոր է, սակայն այս օրենքը հաստատապես շատերին է դժվարին դրության մեջ դնելու, որոնց թվում երևի բազմաթիվ հայեր նույնպես կլինեն: Իսկ ՌԴ վարորդական իրավունք տվող հաստատություններում հիմա երևի ապագա եկամուտն են հաշվում՝ որոշելով, թե այդ 70 հազարից քանիսն իրենց կդիմի և քանիսին կարող են իրավունք տրամադրել՝ ավելի գումարներ  շորթելով:

Այս աշխարհում գործընթացները շատ ժամանակ փոխադարձ բնույթ են կրում: Հնարավոր է՝ այլ երկրներում էլ ռուսական վարորդականները ոչ պիտանի համարվեն: Բայց չէ՞ որ միշտ էլ հնարավոր է համաձայնության գալ՝ տրամադրված փաստաթղթերը փոխադարձաբար ընդունելով: Եվ որտե՞ղ է երաշխիքը, թե Ռուսաստանում ավելի հմուտ վարորդներ են պատրաստում, քան այլ երկրներում: Թե՞ վթարները, որոնց մեղավորը ռուսական իրավունքով օժտված վարարդն է, պակաս վնասաբեր են…

Մի բան հաստատ է՝ ամեն օր ճանապարհներին տեղի ունեցող ցավալի, երբեմն ողբերգական բազմաթիվ վթարներից ազատվելու համար արժե քայլեր ձեռնարկել բոլոր երկրներում, սակայն դա չպետք է լինի ինչ-որ ձևական, ուռա-հայրենասիարական ցուցամոլություն, այլ իրական մտահոգության վրա հիմնված հաշվարկված գործընթաց: