Երեկ՝ Օբաման, այսօր էլ՝ Բայդենը
ԹՐԱՄՓԸ՝ ԻՐ ՆԱԽՈՐԴՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ
Օրեր առաջ Նյու Ջերսիում դեմոկրատների աջակիցների միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ երկիրը «մութ ժամանակներ» է ապրում Դոնալդ Թրամփի քաղաքականության պատճառով․ գրել է ABC MEDIA-ն։
Օբամայի խոսքով՝ ներկայիս նախագահի վարչակազմը ամեն օր սերմանում է քաոս և անօրինություն, մինչդեռ հումորային տեսանյութերը և սադրանքները շեղում են մարդկանց իրական խնդիրներից՝ գնաճից, եկամուտների անկումից և կյանքի որակի վատթարացումից։
Օբաման նաև մեղադրել էր Թրամփին իր նախագահական լիազորությունները չարաշահելու համար՝ կոչ անելով դեմոկրատներին հակազդել նրա քաղաքականությանը:
- Ամեն օր կարծես Հելոուին լինի. կան հնարած պատմություններ, բայց չկա քաղցրավենիք,- հեգնել էր Օբաման՝ ի պատասխան Չիկագոյում և Լոս Անջելեսում Հելոուինի գիշերը տեղի ունեցող միգրացիոն խուզարկությունների մասին հաղորդագրությունների։
Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ այսօր էլ Ջո Բայդենն է քննադատել Թրամփին՝ ասելով, որ նա խայտառակում է ԱՄՆ-ն։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփը երկրի ամոթն է․ գրում է Nebraska Examiner-ը։
- Ուղերձ Թրամփին և նրա ամբոխին… Ես ուզում եմ, որ Դուք, պարոն նախագահ, հասկանաք, որ աշխատում եք մեզ համար, այլ ոչ թե մենք՝ ձեզ համար։ Դուք աշխատում եք մեզ համար, ոչ թե միայն միլիարդատերերի և միլիոնատերերի։ Ես զայրացած եմ․․․ Դուք գիտեք, որ այստեղ ժողովրդավարություն է, և փաստն այն է, որ ժողովրդավարության օրոք թագավորներ չեն լինում։ Ոչ մի։ Ոչ մի։ Դուք գործում եք այնպես, որ խայտառակում եք մեզ որպես երկիր,– ասել է Բայդենը Նեբրասկայում Դեմոկրատական կուսակցության հանդիսավոր ընդունելության ժամանակ ունեցած ելույթում։
Նշենք, որ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Ջո Բայդենին և նրա վարած քաղաքականությունը և նրան անվանել «հիմար սրիկա», որը թույլ չի տվել ԱՄՆ-ին նորմալ զարգանալ։
Ավելին, անդրադառնալով CNN-ի նոր հարցման արդյունքներին՝ Pars Today-ն արձանագրել է, որ ամերիկացիների 63%-ը դժգոհություն է հայտնել նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքից։ Այս ցուցանիշը ամենաբարձրն է նրա երկու ոչ նախագահական ժամկետների ընթացքում։
Pars Today-ի տվյալներով՝ հարցման արդյունքները նաև ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը երկրի տնտեսական վիճակը համարում է անցանկալի և խնդիրների սրման պատճառը համարում է տնտեսության, արտաքին քաղաքականության և ներգաղթի ոլորտներում Թրամփի քաղաքականությունը։





