ՆԱՏՕ-ականներին հյուրընկալելու համար Թուրքիայի խելքը գնում է

ՕԳՈՒՏՆԵՐ ՇԱՀԵԼՈՎ` ՎՆԱՍԵԼ

Օրեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի 2017թ. գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Էրդողանն առաջարկել է 2018թ. այն անցկացնել Ստամբուլում:

Թուրքիայի այս սրտաբաց առաջարկությանը դեմ են արտահայտվել նախ և առաջ Գերմանիան ու Ֆրանսիան, ապա նաև մի քանի այլ երկրներ, ինչպես օրինակ Կանադան Նիդերլանդները, Դանիան:

Լուրը տարածող թուրքական լրատվամիջոցը միայն նշել է, որ վերջնական որոշումը կկայացվի հունիսին կայանալիք՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ: Ուշագրավն այն է, որ Թուրքիան նույն առաջարկն արել է նաև 2016թ. գագաթնաժողվի ժամանակ, սական այն ժամանակ նույնպես մերժում է ստացել:

Թե ինչու են ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց 65 տարվա գործընկերոջը մերժել, լրատվամիջոցը չի մանրամասնել: Այն, որ Գերմանիան ու Թուրքիան վերջերս իրար հետ լեզու չեն գտնում՝ լինելով ավելի քան 100-ամյա դաշնակիցներ, ավելին՝ հանցակիցներ (հենց միայն Հայոց ցեղասպանության փաստը դա է հաստատում), կարող է դրա պատճառներից մեկը լինել: Թուրքիայի հարաբերությունները լարված են նաև Նիդերլանդների հետ: Վերջիվերջո ՆԱՏՕ-ականները երևի նաև աննպատակահարմար են համարում մեկ տարի անընդմեջ արտակարգ դրության մեջ գտնվող երկրում ռազմական բնույթի մեծ միջոցառում անցկացնել:

Իսկ ո՞րն է Թուրքիայի նպատակը, որ ձգտում է ամեն գնով հնուրընկալել ՆԱՏՕ-ականներին: Նպատակները մի քանիսը կարող են լինել, բայց Թուրքիայի գերնպատակը միշտ մեկն է՝ ինչքան կարող է օգուտներ շահել ուրիշներից՝ փոխարենը միայն վնասներ պատճառելով: