Հուզումներ Թբիլիսիում

Երեկ Վրաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել էր, որ Իշխող «Վրացական երազանքը» ստացել է քվեների ավելի քան 70 տոկոսը։ Երեկոյան ցուցարարները փորձել էին ներխուժել նախագահական պալատ՝ այդպիսով սկսելով «իշխանության փոխանցումը ժողովրդին»։
 
Իրավապահ մարմինները ցուցարարների դեմ կիրառել էին հատուկ միջոցներ և ջրցան մեքենաներ։ Ի դեպ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախապես զգուշացրել էր, որ «յուրաքանչյուր փոքրիկ անակնկալի» կպատասխանեն «մեծ անակնկալով»։
 
Հղում կատարելով Sputnik Գրուզիա-ին՝ Sputnik Արմենիան տեղեկացրել է, որ ցուցարարները դեմ են «Վրացական երազանք» կուսակցության՝ ԵՄ ինտեգրումը կասեցնելու որոշմանը։ Շատերը ցույցի են դուրս եկել ԱՄՆ-ի և Եվրամիության դրոշներով։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայրի տարածք՝ ճեղքելով երկաթե արգելապատնեշները
 
Միաժամանակ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության չորս թեկնածուներ դուրս են եկել կուսակցությունից՝ չցանկանալով աջակցել ղեկավարության բռնի գործողություններին: Նրանց թվում են Արթուր Տոնականյանն ու Վլադիսլավ Անանիկյանը։
 
Արմենպրեսի փոխանցմամբ էլ՝ Թբիլիսիում շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև։ Ըստ Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի՝ տուժել է 14 ոստիկան, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախազգուշացրել է, որ իշխանությունները խիստ միջոցներ են ձեռնարկելու նրանց նկատմամբ, ովքեր հարձակումներ են գործել իրավապահների վրա։
 
Ցուցարարների մի մասը կազմակերպիչների կոչով Ռուսթավելի պողոտայից տեղափոխվել է Ատոնելի փողոց՝ նախագահական նստավայրի մոտակայք, որտեղ սկսվել են անկարգություններ։ Իրավապահները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարներին Օրբելիանի պալատից հետ մղելու համար։ Մերձակա փողոցներում ցուցարարները բարիկադներ են կառուցել՝ օգտագործելով ռեստորանների ու բարերի գույքը։
 
Իրավապահ մարմինների տվյալներով՝ իրավիճակը մնում է լարված, կենտրոնական հատվածում տեղակայվել են լրացուցիչ ուժեր։ Բախումների հետևանքով տուժածներ կան նաև լրագրողների շրջանում։ Վրաստանի հանրային հեռարձակողն ու «Իմեդի» հեռուստաալիքը հաղորդում են, որ ցուցարարները հարձակվել են իրենց աշխատակիցների վրա և փորձել են աչքերին փչել անհայտ հեղուկ։
 
Ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունները կեղծել են տեղական ընտրությունների արդյունքները, իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ընդդիմադիրների գործողությունները որակում է որպես իրավիճակի ապակայունացման փորձ։
 
panorama.am կայքից էլ տեղեկանում ենք, որ Թբիլիսիում ցուցարարների գործողություններից տուժած 14 ոստիկաններից մեկը ծանր վիճակում է. 
 
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը միաժամանակ մի քանի հոդվածով քրեական հետաքննություն է սկսել Թբիլիսիում Վրաստանի նախագահի աշխատակազմի շենքը գրավելու փորձի կապակցությամբ։ sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարարը։
 
- Բողոքի ակցիայի կազմակերպիչների և մասնակիցների անօրինական գործողությունների պատճառով հարուցվել է քրեական գործ 317, 187, 222 և 225 հոդվածներով, որոնք ներառում են ոստիկանի վրա հարձակումը, իշխանության փոփոխության կամ տապալման կոչը, գույքի վնասումը, խմբային բռնության կազմակերպումը կամ մասնակցությունը, ինչպես նաև ռազմավարական օբյեկտ գրոհելու կամ արգելափակելու փորձը, - ասել է նա։
 
Ներքին գործերի փոխնախարարի խոսքով՝ ամբողջ օրվա ընթացքում ցուցարարները հնարավորություն են ունեցել հանգիստ միջավայրում արտահայտել իրենց բողոքը և շարունակել ակցիան։
 
Նա ասել է, որ բողոքի ակցիայի կազմակերպիչները բռնության կոչեր են արել, վնասել  նախագահական պալատի ցանկապատերը և փորձել են ներխուժել տարածք։
 
- Գրանցվել են բռնության դեպքեր։ Բողոքի ակցիայի մասնակիցների կողմից կատարված անօրինական գործողությունների, այդ թվում՝ խմբերի կողմից իրավապահ մարմինների վրա նետված տարբեր առարկաների հետևանքով, ըստ առկա տեղեկատվության, վիրավորվել է ներքին գործերի նախարարության 14 աշխատակից, - ասել է փոխնախարարը։
 
Նրա հայտարարության համաձայն՝ վիրավորված ոստիկանները ստացել են տարբեր տեսակի վնասվածքներ, այդ թվում՝ մեկ ոստիկան ծանր վիճակում է։ 
 
Լուսանկարը՝ factor.am-ի