Արտակարգ դրության օգուտներն ու վնասները

Անցած տարվա հունիսին Ուրքիայում ձեռնարկված հեղաշրջման փորձի տապալումից ի վեր այնտեղ հայտարարված արտակարգ դրությունը դեռևս ուժի մեջ է: Շուրջ մեկ տարի ձգվող արտակարգ դրությունը, պարզվում է, այդ երկրում բազմաթիվ դժվարություններ են ստեղծում, որոնցից մեկն էլ օտար ներդրողների հրաժարումն է նոր պայմանագրերից:

Այս հարցին անդրադարձել է Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միության  տնօրենների խորհրդի նախագահ Էրոլ Բիլեջիքը: Նրա պնդմամբ («Սպուտնիկի» թուրքական ծառայություն)՝ այդ ներդրողների թիվն այնքան մեծ է, որ արդեն հնարավոր չէ անտեսել: Բացի այդ՝ արտակարգ դրությունը լուրջ խնդիրներ է առաջացնում նաև ուղևորափոխադրումների և առողջապահության ապահովման ոլորտում: 

Բիլեջիքն ընդգծել է, որ ներդրումներն ու արտահանումը հետընթաց են ապրում՝ սկսած 2012թ., որի ընթացքում երկրի տնտեսական աճը 5,3 տոկոսով նվազել է: Դրա պատճառներից է համարել իրար հաջորդող ընտրությունները, կրկնվող ահաբեկությունները, անվտանգության ցածր մակարդակը, ներգաղթյալների խնդիրը և այլն:

Արտակարգ դրությունը, իհարկե, կարող է օտար ներդրողներին հետ պահել և երկրի տնտեսական աճը նվազեցնել: Բայց չէ՞ որ դրա պայմաններում կայացավ ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեն, որը գուցե սովորական պայմաններում Էրդողանին այնքան գոհացնող արդյունքը չտար: Այնպես որ ներդրողներն լավ կանեն՝ իրենց կապիտալներով ավելի մարդասիրական երկրները հարստացնեն: Մինչ այդ գուցե թե իրականություն դառնա Բիլեջիքի երեզանքը՝ ունենալ իրավական, ժողովրդավարական պետություն և ազատ հասարակություն, որպեսզի կարողանան խոսել աշխատատեղեր ստեղծելու և ներդրումներ ներգրավելու հեռանկարի մասին:

Այդպես գուցե և կլինի, եթե այդ պետությունը դադարի Թուրքիա լինելուց, իսկ այնտեղ տնօրինողները լինեն տարածաշրջանի վաղեմի տերերն ու ծաղկեցնողները: